ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեն ներկայացնող պատվիրակությունն այցելել է հանրապետության նախագահ Միշել Աունին:
Aztagdaily-ն տեղեկացնում է, որ պատվիրակության կազմում եղել են Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին, փոխներկայացուցիչ Ավետիս Կիտանյանն ու Րաֆֆի Աշքարյանը:
Կես ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկվել են նախագահական նոր նստաշրջանի ընթացքում ձեռնարկվելիք անհրաժեշտ քայլերը՝ երկրի միասնականության և զարգացման առնչությամբ, նաև` ընտրական նոր օրենքով պատգամավորական ընտրություններ կատարելու հրամայականը:
ՀՅԴ պատվիրակությունը կարևորել է կառավարության արագ կազմավորման անհրաժեշտությունն ու հայ համայնքի քանակական ու որակական մասնակցության պահանջը:
Նախագահի հետ քննարկվել է նաև Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի` Բեյրութ այցելությունը:
Source: Yerkir Media
Link: ՀՅԴ պատվիրակությունը Լիբանանի նախագահի հետ քննարկել է Չավուշօղլուի այցը՝ Բեյրութ