My music fest 2016 փառատոնն այս տարի տեղի է ունենում արդեն երկրորդ անգամ։ Հյուսիսային պողոտայում բաց երկնքի տակ համերգների նոր շարքի մեկնարկը տրվել է հոկտեմբերևի 15-ին: Այն իր շուրջն էր հավաքել Երևանի բնակիչներին և զբոսաշրջիկներին, ովքեր մեծ հետաքրքրությամբ լսում և հիանում էին տեղի ունեցող միջոցառումներով։
Փառատոնի կազմակերպիչ Յուրի Մինասյանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնելով նախագիծը, նշեց.
«Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ է իրականացվում այս փառատոնը։ Միջոցառման շնորհիվ մենք նպատակ ունենք երաժշտական լավ ճաշակ զարգացնել Հայաստանում։ Այստեղ հնչում է միայն կենդանի երաժշտություն։ Մենք փորձում ենք օգնել տաղանդավոր մեր երիտասարդներին, ովքեր նվագում են, երգում են, կազմել են բենդեր՝ դառնալ ավելի հայտնի, որպեսզի նրանց ճանաչի բնակչության ավելի մեծ զանգված։ Այս բենդերի մի մասը հանդես են գալիս տարբեր ակումբներում, բայց ոչ բոլորը գիտեն այդ ակումբների մասին կամ ոչ բոլորը հնարավորություն ունեն այցելել նմանատիպ վայրեր։ Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք կազմակերպել այսպիսի միջոցառումներ, որպեսզի ավելի հանրային դառնա այս ամենը»:
Յուրի Մինասյանը, բացելով փակագծերը, ասաց, որ Վրաստանի մշակույթի նախարարության հետ կա պայմանավորվածություն հաջորդ տարի իրականացնել փոխանակում՝ հայկական բենդերը մեկնեն Վրաստան, իսկ վրացական բենդեր գան Հայաստան։ Նրա խոսքով, այս ամենի շնորհիվ մեր երիտասարդները ավելի մեծ ճանաչում են ձեռք բերում:
Source: Yerkir Media
Link: Հյուսիսային պողոտայում My music fest 2016-ը տվել է բաց երկնքի տակ համերգների շարքի մեկնարկը