Ռուսաստանի մի շարք շրջանների իշխանություններ սկսել են արտաքսել հյուսիսկորեացի աշխատանքային միգրանտներին, ինչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով է նախատեսվում, տեղեկացրել է Փհենյանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան:
«Հյուսիսային Կորեայից աշխատանքային միգրանտների հանդեպ արգելքը հարված կլինի ռուսական տնտեսությանը, բայց մենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումն անվերապահորեն ենք կատարում: Շատ նահանգապետեր արդեն սկսել են արտաքսել նրանց»,- հայտնել է դիվանագետը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տարեկան Հյուսիսային Կորեայի քաղաքացիներին 12-15 հազար վիզա է տրամադրում, որոնց մոտ 90%-ը կարճաժամկետ աշխատանքային վիզաներ են: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանում աշխատում էին շուրջ 30 հազար հյուսիսկորեացիներ՝ շինարարության, գյուղատնտեսության և ձկնարդյունաբերության ոլորտներում:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցների նոր փաթեթ էր ընդունել, որով զգալիորեն սահմանափակում են Փհենյանի արտահանման և ներմուծման հնարավորությունները, իսկ բանաձևի կետերից մեկով սահմանափակվում է հյուսիսկորեացիներին աշխատանքի թույլտվության տրամադրումը:
Source: Yerkir Media
Link: Հյուսիսկորեացի միգրանտներին սկսել են արտաքսել Ռուսաստանից