Խորհրդային Միության տարիներին իշխանությունները չներեցին լրագրող, բանաստեղծ Ֆելիքս Պետրոսյանի համարձակ հաղորդումները, որտեղ նա բացահայտում էր հասարակությանը խորթ բարքերը, ինչի հետեւանքով հանիրավի բանտարկվեց, եւ բանտում էլ մահացավ կաթվածից:
Բանաստեղծի մահից հետո նրա ընկերոջ՝ Հովհաննես Պապիկյանի ջանքերով հրատարակվեց նրա «Կիսատ անուրջներ» գիրքը: Վերջերս հայտարարվեց բանաստեղծին նվիրված մեկամսյակ: Հանրության բուռն արձագանքն առիթ դարձավ, որ հրատարակվի նրա երկրորդ՝ «Մահարու վերադարձը» գիրքը, որի շնորհանդեսը կայացել է այսօր:
Այստեղ բանաստեղծը հասարակություն է վերադարձնում Ավետիք Իսահակյանի հերոսին՝ Աբու Լալա Մահարուն, որը նախընտրել էր ապրել անապատում՝ մարդկանցից հեռու:
Հովհաննես Պապիկյանի խոսքով, Պետրոսյանի բանաստեղծություններում կա նվիրվածություն հայրենիքին, ծիծաղ ու թախիծ, անուրջ ու մորմոք, բայց ավելի շատ հավատ ու լավատեսություն մարդու, նրա հույզերի ու նպատակների հանդեպ: Շնորհանդեսը զուգորդվել է բանաստեղծին նվիրված տեսանյութերի ցուցադրությամբ:
Գիրքը տպագրվել է Ալիս Սողոմոնյանի հովանավորությամբ:
Source: Yerkir Media
Link: «Մահարու վերադարձը»․ տեղի ունեցավ Ֆելիքս Պետրոսյանի 2-րդ գրքի շնորհանդեսը