«Մամ ջան, ուշացել ես, ես ընտրել եմ». Ռաֆիկը Հայաստան էր վերադարձել ծառայելու համար

 

Արագածոտնի մարզում գտնվող Կարմարշեն համայնքն աշխարհագրությամբ էլ մյուս գյուղերից կտրված է: Այստեղ ապրող մարդիկ սարերի մեջ են տուն սարքել, ճանապարհներն այնքան էլ լավը չեն ու հյուրեր հազվադեպ են դիմավորում: 2016-ի ապրիլից, սակայն, 19-ամյա պատանու շնորհիվ այս գյուղ շատերն են գալիս: Այստեղ է ծնվել ապրիլյան պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Ռաֆիկ Հակոբյանը:

Երկու տարի առաջ Ռաֆիկին զինվորական ծառայության մեկնելու որոշումը Ռուսաստանից հայրենիք բերեց: Ծնողներն այնտեղ էին տեղափոխվել աշխատանքի համար, դպրոցն ավարտելուց հետո ինքն էր միացել:

Մայրն ասում է համակարգչային գիտելիքներ ուներ ու խորհուրդ է տվել, որ այդ առավելությունն օգտագործի, ծառայությունը հեշտացնելու համար:
«Ասաց՝ մամ ջան, մի խառնվի իմ բանակի կյանքին»,- հիշում է Ռաֆիկի մայրը:

Ռաֆիկն իր կամքով Մատաղիսից տեղափոխվում է Թալիշ: Այնտեղ մեկ այլ համարձակ որոշում էլ է ընդունում: Իր ճարպկությունն ու արագ կողմնորոշվելու առավելությունը հուշել էին՝ լավ հետախույզ կարող է լինել:

«Մի օր զանգեց , ասաց՝ մամ ջան, ինձ առաջարկել են կա′մ սերժանատական՝ Կիրովականում, կա′մ հետախույզ՝ Թալիշում: Ես ասացի՝ գոնե սերժանատականը ընտրի, ինքն էլ ասաց՝ մամ ջան, արդեն ուշացել ես, ես ընտրել եմ»,- պատմում է մայրը:

Ծառայությունից չէր դժգոհում, վերջին անգամ էլ ապրիլի մեկին էր զանգել, լավ տրամադրությամբ հեռախոսն անջատել:

 

Մայրն ասում է՝ մի քանի օր ինքն էլ շատերի նման որդուց լուր չուներ: Մինչ Ռուսաստանից Հայաստան կհասնեին, ցավալի լուրը իրենց տուն էր հասել՝ Ռաֆիկի անունը հերոսաբար զոհված տղաների շարքում է: Տիկին Նաիրան ասում է՝ մի քանի ամիս առաջ  ուժ է հավաքել ու Թալիշ հասել: Հիմա շատ լավ գիտի, ինչու Ռաֆիկը ծառայությունն ավարտեց՝ այսպիսի պարգեւներով:

Որդին հայրենի հողի համար կյանքն է տվել ու հենց այդ միտքը Ռաֆիկին ընտանիքին մշտապես հայրենիք վերադարձրեց: Վերադարձել են ու կորստի ցավից բացի, հիմա ավելացել են նաեւ կենցաղային դժվարությունները: Պետությունը իրենց պաշտոնապես անօթեւան է ճանաչել, երեք միլիոն ու կես դրամ գումար են տվել, բայց այդքանը բավարար չէ բնակարան գնելու համար: Հիմա ապրում են ամուսնու եղբոր բազմազավակ ընտանիքի հետ կիսավեր տանը: 12 հոգով երեք սենյակ են կիսում, ամուսինն ու դուստրը Արմավիրի զորամասերից մեկում աշխատանքի են անցել, ապրում են հույսով, որ մի օր իրենք էլ իրենց տանիքը կունենան, բայց եղած հնարավորությունները հուշում են՝ այդ օրվան երկար են սպասելու:

Source: Yerkir Media
Link: «Մամ ջան, ուշացել ես, ես ընտրել եմ». Ռաֆիկը Հայաստան էր վերադարձել ծառայելու համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image