PanARMENIAN.Net — Հայտնի գիտնական Յուրի Հովհաննիսյանի պատվին oganesson (og) կոչված քիմիական տարրը կհաստատվի նոյեմբերին: Այդ մասին հայտնել է ինքը` գիտնականը, «Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի օրերը Հայաստանում» միջազգային գիտաժողովից առաջ, որը նվիրված էր ինստիտուտի հիմնադրման 60-ամյա հոբելյանին:
1992 թվականից ՀՀ-ն դարձել է Միացյալ ինստիտուտի անդամ-պետություն: Հայաստանի մասնագետները մասնակցել եւ այսօր էլ մասնակցում են ՄՀՄԻ կողմից իրականացվող բազմաթիվ խոշոր նախագծերի. 12 հայ գիտնական և մասնագետ ընդգրկված են ինստիտուտի ծրագրերում:
«Տարրը կհաստատվի նոյեմբերի սկզբին: Տարրի հայտնաբերումը թույլ է տալիս հասկանալ, որ աշխարհն ավելի մեծ է, քան կարծում ենք»,-ասել է Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ նոր տարրի բացահայտման վրա 20 տարի է աշխատել:
«Մենք պատրաստվում ենք ներկայացնել Դուբայում նոր գերծանր տարրերը, որոնք կընդգրկվեն Մենդելեևի աղյուսակում: Տարրերից մեկը շուտով կկրի հայտնի հայ գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունը»,-ասել է Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի ինստիտուտի տնօրեն Մաքսիմ Մատվեեւը:
Նա հավելել է, որ այդ առումով մեծ նշանակություն ունի իր ներկայացրած ինստիտուի կապերի ամրապնդումը Հայաստանի հետ, հայտնում է «Նովոստի Արմենիան»:
Source: Yerkir Media
Link: Յուրի Հովհաննիսյանի անվան տարրը կհաստատվի նոյեմբերին