mediamax.am— «Այս տանն է ապրել…» գրությամբ հուշատախտակները Երեւանի փողոցներում շատ են: Շենքերում, որտեղ ապրել են նշանավոր մարդիկ, տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել. փոխվել են բնակիչները, հիշողությունները, շենքի արտաքին տեսքը: Նոր բնակիչները հաճախ չգիտեն, որ ապրում են ականավոր մեկի տանը, որի շնորհիվ ժամանակին նշանավորվել է այդ հասցեն: Իսկ այն բնակարանները, որտեղ ապրում են ժառանգներ ու պահպանում հուշեր, թանգարանի արժեք են ստացել:
«Այս տանը ապրել է բանաստեղծ Հովհաննես Շիրազը»… Հուշատախտակն ու բրոնզե քանդակն ամրացված են Մաշտոցի 20 շենքի մուտքին: Սա է Շիրազի վերջին բնակարանը: Բայց գրողը 1971 թվականից մինչեւ կյանքի վերջ՝ 1984-ը, ապրել է հարեւան շենքում՝ Ամիրյան 12 հասցեում, որը նրան հատկացվել էր որպես աշխատանքային տարածք: Հիմա այստեղ որդու՝ նկարիչ Վանանդ Շիրազի արվեստանոցն է, իսկ հոր աշխատասենյակի դուռն ավելի քան 30 տարի խնամքով փակված է:

Լուսանկարը` Մեդիամաքս
«Հարեւանասեր» Շիրազը
Սենյակում որոշ փոփոխություններ արվել են. իրերի մի մասը տեղափոխել են Գյումրիում գտնվող հուշատուն-թանգարան, որոշները պահպանվում են ինչպես Հովհաննես Շիրազի կենդանության տարիներին: Պատերը թարմացրել են, ներկել նույն գույնով: Շիրազի վերեւի հարեւանուհին սիրված դերասանուհի Մետաքսյա Սիմոնյանն էր, որը լողանալիս մշտապես ջուր էր լցնում «Շիրազի գլխին»: «Շիրազին հարցնում էին՝ ինչո՞ւ չես բողոքում: Պատասխանում էր՝ Մետաքսի լողացած ջուրը խմել կլինի»,- պատմում է Վանանդը:

Վանանդ ՇիրազըԼուսանկարը` Մեդիամաքս
Շիրազի սենյակում դեռ հնչում է «Հայոց Դանթեական»-ը
Սենյակում բանաստեղծի բազմոցն է, վերջին աշխատասեղանը: Ձայներիզային նվագարկչին (бобинный магнитофон) «Հայոց Դանթեական»-ի ժապավենն է՝ ասմունքող, դերասանուհի Սիրվարդ Մեսրոպյանի «ձայնով»:

Լուսանկարը` Մեդիամաքս
Աշխատանքի ժամանակ պահանջում էր, որ չաղմկեն: Աշխատասենյակում երեխաները հավաքվում էին երեկոյան: Շիրազն ամեն մեկին մի թեմա էր տալիս՝ հեքիաթ էին պատմում, նկարում:
«Ես հավատում եմ, որ ընկերները միասին ամեն բան հաղթահարում են, երբ միասին են ծիծաղում…» Ստայնբեքի նամակը՝ Շիրազին
Պահարանը «պայթում է» նամակներից: Շիրազը նամակագրական կապի մեջ էր սփյուռքի հայկական թերթերի խմբագիրների հետ: Նրանք էին տպագրում այն բանաստեղծությունները, որոնք Հայաստանում Խորհրդային տարիներին արգելված էին: Շիրազին գրում էին ծանոթ ու անծանոթ, Հայաստանից ու սփյուռքից:

Լուսանկարը` Մեդիամաքս
Գրում էին գյուղացի մարդիկ ու ճանաչված դեմքեր, ինչպես Պուլիտցերյան եւ Նոբելյան մրցանակների դափնեկիր, ամերիկացի գրող Ջոն Ստայնբեքը: Հայաստան այցից հետո՝ 1964 թվականի մայիսի 9-ին, նա շնորհակալական նամակ է ուղարկում «սիրելի ընկերոջը».
«Իհարկե, մենք ունեցանք որոշակի հակադրություններ եւ տարաձայնություններ մեր տեսակետներում, բայց մենք բնական ենք դա ընդունում, եւ այն չի կարող խոչընդոտել մեր ընկերությանը…Ու ես հավատում եմ, որ ընկերները միասին ամեն բան հաղթահարում են, երբ միասին են ծիծաղում, իսկ ես հիշում եմ, որ մենք Երեւանում միասին ծիծաղելու բավականին առիթներ ենք ունեցել: Հուսով ենք, որ մի օր կայցելեք մեզ: Անկասկած հավատում ենք, որ առիթ կունենանք Ձեզ հյուրընկալել այն նույն ջերմ ընդունելությամբ, որ մենք ստացել ենք Ձեզնից»:
Չհրկիզվող պահարանում Շիրազի ձեռագրերն են, հիմնականում՝ անտիպ պոեմները: Որդին ասում է, որ բանաստեղծի մահից հետո Գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ հանձնաժողով կազմվեց, որը պետք է զբաղվեր Շիրազի ժառանգությամբ: Բայց մի քանի տարի անց Հայաստանի համար սկսվեցին դժվարին տարիները, ու ձեռագրերը մնացին չուսումնասիրված: Որոշ գործեր դժվարությամբ կարողացել են տպագրել:
Շարունակությունն՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Շիրազի սենյակում դեռ հնչում է «Հայոց Դանթեական»-ը․ իսկ պահարանում անտիպ պոեմներն են, mediamax.am