Հայաստանի կրթության և գիտության նախարարին արտոնագրման վարչությունից զեկուցել են, որ Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը չի ունեցել տարրական հանրակրթական ծրագրի լիցենզիա: Նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իշխանափոխությունից հետո դպրոցի ղեկավարությունը սկսել է դիմել արտոնագիր ստանալու համար և մերժումներ է ստանում, որովհետև փաստացի այդ դպրոցը բացի այն, որ երկար տարիներ շարունակ տարրական հանրակրթական ծրագրի իրականացնելու իրավունք չի ունեցել, չունի նաև համապատասխան պայմաններ:
«Հիմնական դպրոցի՝ 5-9 դասարանները ներառյալ, լիցեզիան նախատեսված է 710 աշակերտի համար, բայց ստուգումների արդյունքում պարզվել է, որ դպրոցը ունի ավելի քան 900 աշակերտ, էլ չասեմ տարրականը: Ու այսպիսի իրավիճակ է ստեղծվել, որ լիցենզավորման վարչությունը մերժել է նրա լիցենզիան, ու դպրոցը կամ պետք է շտկի դա, կամ խնդիրներ է ունենալու»,- ասել է նախարարը:
Նրա խոսքով` երկար տարիներ շարունակ եղել են դպրոցներ, որոնք ունեցել են դաշտում արտոնություններ: Հարությունյանն ընդգծել է, որ բոլոր դպրոցների համար պետք է հավասար հնարավորություններ ստեղծել, և որևէ մեկը չի կարող օրենքից վեր դասել իրեն:
Նախարար Արայիկ Հարությունյանը հորդորեց նման խնդիրներ ունենալու դեպքում դիմել նախարարություն:
Source: Yerkir Media
Link: Չեխովի անվան հիմնական դպրոցը երկար տարիներ գործել է առանց տարրական կրթության ծրագրի լիցենզիայի. Արայիկ Հարությունյան