Չիկագոյի Օ’Հարա միջազգային օդանավակայանում American Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 767 ինքնաթիռի աջ շարժիչը պայթել է թռիչքի ժամանակ: Շարժիչի բեկորները ցրվել են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա: Այս մասին հայտնում է CNN-ը։
Ինքնաթիռում եղել է 161 ուղևոր եւ անձնակազմի 9 անդամ։ Հրդեհի բռնկումից հետո բոլորը տեղափոխվել են անվտանգության հատված։
20 մարդ տարհանման ժամանակ ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Ինքնաթիռն ուղևորվում էր Մայամի, սակայն ստիպված է եղել դադարեցնել թռիչքը՝ շարժիչի հետ առաջացած խնդրի պատճառով։
Օդանավակայանի հրշեջ ծառայության ղեկավար Թիմոթի Սեմփին նշել է, որ իրենք արձագանքել են ինքնաթիռի երկրորդ շարժիչի հրդեհվելու ահազանգին։ Ըստ նրա՝ հետևանքները կարող էին սարսափելի լինել, եթե շարժիչը փոքր-ինչ ավելի ուշ բռնկվեր։
Source: Yerkir Media
Link: Չիկագոյի օդանավակայանում ինքնաթիռի շարժիչը պայթել է թռիչքի ժամանակ