Գրեթե երեսունհինգամյա ընդմիջումից հետո Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կրկին բեմ է բարձրանում «Պեպոն»: Վերանորոգման եւ վերազինման աշխատանքների ավարտից հետո թատրոնի դերասանները ետնաբեմում առաջին ներկայացման առաջնախաղին են պատրաստվում: Թատրոնի ղեկավար Արմեն Էլբակյանը վստահեցնում է՝ թատերախմբի լավագույն ուժերն են ներգրավված ներկայացման մեջ: Բեմադրիչը մի նպատակ ունի, որ այս ներկայացումն իր կյանքն ունենա բեմում:
Ռեժիսորի ասելիքը Պեպոյի կերպարում փորձելու է հանդիսատեսին հասցնել Տիգրան Ներսիսյանը: Հայ բեմը շատ է պեպոներ ունեցել, իր Պեպոյի տարբերությունն այն է, որ նրան Տիգրան Ներսիսյանն է մարմնավորում:
Զիմզիմովի դերակատար Արմեն Մարությանը վստահ է՝ Պեպոն այսօր էլ է արդիական. երբ այն կարդում ես, 30-40 զիմզիմովներ են աչքիդ գալիս:
Առաջին անգամը չէ, որ Արմեն Մարությանը նման դեր է խաղում, գիտի, որ շատերը, գուցե չընդունեն, բայց հաստատ իրենց կտեսնեն Զիմզիմովի կերպարում. Սունդուկյանի մեծությունը հենց դրանում է, որ պակաս արդիական չէ նաեւ այսօր: Վերջին անգամ «Պեպոն» Սունդուկյանի անվան թատրոնում բեմ է բարձրացել 1982 թվականին՝ Խորեն Աբրահամյանի բեմադրությամբ: Բարձրացել է առաջին ու վերջին անգամ: Պրեմիերայից հետո ներկայացումը փակվել է: Պատճառը գուցե հենց զիմզիմովների արդիականությունն էր: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը հավատացնում է՝ այսօր նման վտանգ այս ներկայացմանը չի սպառնում. ժամանակները փոխվել են, հանդուրժողականությունը՝ աճել:
Այն, ինչ աշխատանքային փակ դիտման ժամանակ տեսել է Ամիրյանը, նրան վստահություն է ներշնչել, որ Արմեն Էլբակյանը հաջողել է իր ձեռնարկման մեջ, եւ հանդիսատեսը սիրելու է «Պեպոյի» այս մատուցումը: Պեպոյի ու մեր ժամանակների առնչություններն ակնհայտ են, ստացվել է արդյոք ռեժիսորի մոտ հիմնովին վերանորոգված թատրոնում ռեժիսորական նոր լուծումներով հանդիսատեսին ներկայացնել դասական, բայցեւ այսօրվա մեջ տեղավորվող ներկայացում, յուրաքանչյուր հանդիսատեսի տեսնելիքն ու գնահատելքին է:
Source: Yerkir Media
Link: «Պեպոն» կրկին բեմ է բարձրանում