Պետոն երկու ճակատով էր կռվում` թշնամու եւ ժամանակի
February 14, 2017
Նրա զինվորական ուղին սկսվեց 1990-ի աշնանը, երբ դաշնակցական կամավորական խմբերի հետ հասավ Հյուսիսային Արցախ: Այստեղ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող, պռոշյանցի Պետոն շատ արագ դարձավ մայոր Պետրոս Ղեւոնդյան:
Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Պետոյի հերոսական ճանապարհն անցավ մարտագծի գրեթե բոլոր վտանգավոր հատվածներով: Նա ոչ միայն մշակում է Օմարի լեռնանցքի ազատագրման դժվարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացնում այն:
Մարտակերտի ազատագրումից հետո Պետոյի շնորհիվ սահմանագիծը հասավ Աղդամի շրջան: 56 մարտիկների հետ կյանքի գնով պահեցին Սրխավենդի բարձունքը: Հրամանատարի կրակոցն անվրեպ էր: Պետոն երկու ճակատով էր կռվում `թշնամու եւ ժամանակի: Ժամանակը երբեք չէր հերիքում. Օմարի լեռներում զինվորներին զենք ու սնուդ էր պետք: Հրամանատարը գնաց: 1994-ի փետրվարի 14-ն էր. շտապօգնության մեքենան կանգնել էր ու չէր համարձակվում ականապատ ճանապարհով առաջ շարժվել` վիրավոր զինվորին մոտենալու համար: Առանց մտածելու` Պետոն նստեց մեքենան ու շարժվեց առաջ՝ օգնություն էր պետք:
24 տարի է փետրվարի 14-ը Պետոյի մարտական ընկերների ու հարազատների համար այլ խորհուրդ ունի, այդ օրը իրենց հրամանատարը ժամանակավոր զինադադար է կնքել թշանամու հետ: