Սաուդյան Արաբիայի արքայազն Միթեբ բին Աբդուլան ազատ է արձակվել ավելի քան 1 միլիարդ դոլարի դիմաց
November 29, 2017
Սաուդյան Արաբիայի արքայազն Միթեբ բին Աբդուլան, որը մի ժամանակ գահի հավակնորդներից էր եւ 3 շաբաթ առաջ ձերբակալվել էր հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում, ազատ է արձակվել ավելի քան 1 միլիարդ դոլարի դիմաց: Եւս 3 մարդ է ազատ արձակվել կառավարության հետ համաձայնության գալուց հետո:
Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը պատմել էր, որ ձերբակալվածների 95 տոկոսը համաձայնել է կառավարության առաջարկին՝ ազատություն ստանալ իրենց միջոցների մի մասի դիմաց:
Ձերբակալվածների ընդամենը 1 %-ին է հաջողվել ապացուցել անմեղությունը: Թագաժառանգ արքայազնը պնդում է, որ այս քայլով ցանկանում է վերականգնել վերջին տասնամյակների ընթացքում երկրի բյուջեից հափշտակված 100 միլիարդ դոլարը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի թագավորի եւ թագաժառանգ արքայազնի ստեղծած հակակոռուպցիոն հանձնաժողովի հրամանով ձերբակալվել էին ավելի քան 200 արքայազներ, գործող ու նախկին նախարարներ, գործարարներ: