Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ համերկրացիներին ուղերձով դիմել է հանրապետության նախագահը:
Սերժ Սարգսյանը նշել է.
«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը: Մեծ եղեռնից անցել է արդեն մեկ դարից ավելի: Ի՞նչ է փոխվել: Առաջինը՝ փոխվել ենք մենք: Մենք վերածնվել ենք որպես ազգ եւ որպես պետություն: Մենք ապացուցել ենք մեզ եւ աշխարհին, որ թուրքական ցեղասպանական ծրագրերը տապալվել են: Արդարության հաղթանակի համար մեր պայքարը շարունակվում է:
Ի՞նչ չի փոխվել: Չեն փոխվել պաշտոնական Թուրքիայի ժխտողական կեցվածքը եվ թշնամական վերաբերմունքը հայկական ամեն ինչի հանդեպ: Սա հանցագործության ուղղակի շարունակությունն է արդեն մեր օրերում: Մասամբ փոխվել է թուրքական հասարակությունը: Այսօր նա իր պատմության մասին գիտի ավելին, քան գիտեր երեկ: Վաղը իմանալու է ավելին, քան գիտի այսօր, եթե իհարկե չխեղդեն ազատ խոսքն ու մամուլը, չգնդակահարեն ու չձերբակալեն պատգամավորների, հասարակական գործիչների ու խմբագիրների: Ճշմարտությունը, թեեւ դանդաղ, բայց բացում է մարդկանց աչքերը»:
Նախագահն ընդգծել է, որ «այս օրերին դեռ չեն հանդարտվել հույզերն ու ապրումները, քննարկումներն ու վերլուծությունները` կապված ապրիլի 2-5-ը տեղի ունեցած պատերազմական գործողությունների հետ: Ադրբեջանը կրկին պատերազմ սկսեց Արցախի դեմ: Կրկին մեծ կորուստներ կրելով` հետ շպրտվեց: Ադրբեջանի իրական նպատակը կամ ավելի ճիշտ՝ երազանքը Արցախի գրավումն ու հայաթափումն է, ինչի արդյունքում Արցախի բնակչությունը մասամբ պետք է բնաջնջվի, մասամբ բռնագաղթի»:
Այսօր` 2016 թվականի ապրիլի 24-ին, նախագահ Սարգսյանը հայտարարում է ի լուր աշխարհի. հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու: Հայերի նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու:
Source: Yerkir Media
Link: Սերժ Սարգսյան. «Հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու, նոր ցեղասպանություն մենք թույլ չենք տալու»