Սումատրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի

Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի, տեղեկացնում է «Ասոշիեյթեդ պրես» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 25 զոհերի մասին:

Ինչպես նշել է  գեներալ-մայոր Տատան Սուլեյմանը, 52 զոհվածների մարմիններ հայտնաբերվել են Պիդիջայայի օկրուգում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտ շրջանն է, եւս երկու զոհվածների գտել են հարեւան Բիրյոենի շրջանում: Տեղեկացվում է, որ առնվազն 78 մարդ լուրջ վնասվածքներ է  ստացել:

6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել դեկտեմբերի 7-ի առավոտյան Սումատրա կղզուց ոչ հեռու:  Ավերված շենքերի փլատակների տակ տասնյակ մարդիկ են մնում: Փրկարարական աշխատանքներին խանգարում է տեղանքի բարդ լանդշաֆտը:  Պիդիջայայի հիվանդանոցները լեփլեցուն են տուժածներով, մարդկանց մի մասին հարկ է լինում ուղարկել հարեւան շրջաններ:

Տարերային աղետների հետեւանքների վերացման ազգային վարչության տեղական բաժանմունքի ղեկավարի խոսքով՝ երկրաշարժն ավերել է բազմաթիվ մզկիթներ, հանրային օգտագործման շինություններ եւ բնակելի շենքեր, բայց առայժմ հնրավոր չէ ստույգ գնահատել աղետի մասշտաբները:

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն համապատասխան բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին ցուցում է տվել շտապ կարգով օգնություն ցուցաբերել երկրաշարժի հետեւանքների վերացման աշխատանքներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Source: Yerkir Media
Link: Սումատրայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 54-ի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image