Սուրբ Էջմիածնի «Էռնեկյան» վարժարանի սաները դիմավորում են իրենց ավարտական միջոցառումը դիտելու եկած Ամենայն Հայոց կաթողիկոսին: Վերջին զանգի հանդեսին ամենայն լրջությամբ են պատրաստվել, բայց մինչ ելույթը Հայրապետի օրհնությունն են ստանում:
Բեմում իրադարձությունները զարգանում են շատ արագ, ըստ սցենարի՝ վարժարանի շրջանավարտները, չհավանելով ուսուցչի առաջարկած տարբերակը, աշխարհի տարբեր երկրներ են գնում՝ հասկանալու՝ ինչպես կարող են օրիգինալ «Վերջին զանգ» ունենալ: Նրանց այս հարցում մեծապես աջակցում է դպրոցի հովանավոր, արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանը:
Արգենտինայից մինչեւ Եգիպտոս շրջագայելուց հետո շրջանավարտների դասղեկին հաջողվում է նրանց հետ բերել: Այստեղ նրանք հասկանում են՝ առաջնայինն ազգայինն է:
Բեմականացումից հետո հերթն ավանդական շնորհակալական խոսքերինն է, ծաղիկներինն ու հուզմունքինը: Դպրոցի տնօրենն էլ իր վերջին պատգամն է հղում սաներին: