Տեղի է ունեցել «Լուսին կերած նորածինը» ֆիլմի դիտում-քննարկումը
March 23, 2018
Հայկական ֆիլմերը դիտելու եւ քննարկելու համար լսարան հավաքելն այնքան էլ հեշտ չէ: Բացը լրացնելու համար Ազգային կինոկենտրոնը, «Կինոաշխարհ» կայքն ու «Լոֆթ» կենտրոնը որոշել են ամիսը մեկ անգամ հայկական ֆիլմերի ցուցադրություն-քննարկում անցկացնել:
Այս անգամ դիտել ու քննարկել են ռեժիսոր Արամ Շահբազյանի «Լուսին կերած նորածինը» ֆիմը: Սցենարի հեղինակը Հարություն Հարությունյանն է: Այն նաեւ ներառված է «Շարմ Հոլդինգ»-ի եւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության՝ «Մեր երազանքի ճանապարհը» գեղարվեստական ֆիլմ-նովելաշարում՝ «Բարեւ, սիրելիս» վերնագրով:
Ֆիլմը 90-ականների Արցախյան պատերազմի մասին է: Շրջափակման մեջ ընկած ջոկատի տղաներից մեկն իր սիրելիին նամակ է գրում, որը հերթով արտագրում են ջոկատի մյուս տղաները: Հանգամանքների բերումով նամակը թշնամու ձեռքն է ընկնում, այն թարգմանում են, որ իրենց սիրելիներին ուղարկեն: Արամ Շահբազյանի խոսքով, իրենց սցենարի համամարդկային բնույթն է գրավել, իսկ ֆիլմի գաղափարն էլ ծագել է Լեւոն Շահնուրի «Լուսին կերած նորածինը» պատմվածքի մի երկտողից: