Տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման արարողությունը

September 1, 2017

Դիլիջանում սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի հանդիսավոր բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազան Գալստանյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը եւ այլք:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը շնորհավորեց վարժարանի սաներին և ուսուցիչներին ուսումնական տարվա մեկնարկի ու նոր համալիր տեղափոխվելու առթիվ՝ նշելով, որ այս օրը կարևոր է բոլորի համար:

Նախարարը մոնթեականներին պատմեց, թե ինչպես է ծագել Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանի Երևանից Դիլիջան տեղափոխման գաղափարը:

«Անցյալ տարի նոյեմբերի 15-ին  առիթ ունեցա այցելել Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարան: Ես տպավորված էի այնտեղ կատարվող աշխատանքով, սակայն նույնչափ մտահոգված վարժարանի շենքային պայմաններով: Անհրաժեշտություն եղավ շատ արագ լուծելու Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական համալիրի շենքային լավ պայմաններ ունենալու խնդիրը:

Այդ օրերին մեր հասարակությունում լայն քննարկվում էր թե ինչ է պետք անել Դիլիջանի հիասքանչ համալիրի հետ, որտեղ դեռ շինարարական աշխատանքները չէին ավարտվել և կառուցվում էր պետական եկամուտների կոմիտեի կողմից ուսումնական կենտրոն:  Մեր հասարակությունը շատ մտահոգ էր, թե արդյոք իմաստ ուներ այդ միջոցները ծախսել հենց այդպիսի կենտրոն ունենալու համար: Եվ այդ ժամանակ իմ մտքում ծագեց մի գաղափար, որ սա պետք է լինի հենց Մոնթե Մելքոնյանի ռազմամարզական վարժարանը և այդ առաջարկով դիմեցի նախագահին:  Նախագահը շատ արագ ոչ միայն տվեց իր համաձայնությունը, այլև  հանձնարարեց մշակել այս ծրագիրը և կյանքի կոչել այն: Այդ օրվանից շատ մարդիկ ամենօրյա աշխատանք են կատարել, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, ինչպիսիք կան այսօր»,- նշեց Վիգեն Սարգսյանը:

Վիգեն Սարգսյանը վարժարանի սաներին հորդորեց շարունակել բարձրացնել Մոնթե Մելքոնյանի անունը:

Նախարարը շրջայց կատարեց շենքում և ծանոթացավ աշխատանքային պայմաններին:

Source: Yerkir Media
Link: Տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի նոր համալիրի բացման արարողությունը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image