ՏՄՊՊՀ. «2015թ-ի դեկտեմբերի համեմատ՝ գների նվազում կա»

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետները դիտանցումներ են իրականացնում Երեւան քաղաքի առավել խոշոր վաճառակետերում եւ դիտարկում են սոցիալական կարեւորության ապրանքատեսակների գները: Վստահեցնում են՝ ամանորյա տոներին ընդառաջ հանձնաժողովն անցել է առավել խիստ վերահսկողության եւ ամենօրյա մոնիթորինգ է անցկացնում, նպատակը՝ գների արհեստական բարձրացումներն ու հնարավոր հակամրցակցային գործողությունները կանխարգելելն է:

«Հիմնական սոցիալական ապրանքների գները կայուն են, իսկ եթե համեմատենք 2015թ-ի դեկտեմբերի գների հետ, նույնիսկ նվազում կա»,- նշեց ՏՄՊՊՀ վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը:

Ալյուրի, հավի մսի, ձեթի, բանանի եւ շատ այլ ապրանքների գները ոչ միայն չեն բարձրացել, այլեւ որոշ դեպքերում արձանագրվել է նաեւ գների նվազում: Մասնագետն օրինակ է բերում ալյուրը՝ նշելով, որ անցած տարվա նույն ժամանակահատվածի 300 դրամի փոխարեն այժմ մեկ կիլոգրամի արժեքը 245 դրամ է: Այս ցուցակից դուրս է մնացել շաքարավազը, որի թանկացումը սկսել է սեպտեմբեր ամսից՝ 360-ից դառնալով 380:

Գնել Ալավերդյանը ընդգծում է՝ հանձնաժողովը չի զբաղվում գների կարգավորման գործառույթով եւ գների ամբողջական վերահսկողության լիազորություն չունի, գնային փոփոխություններին անդրադառնում է միայն այն դեպքեում, երբ դրանք իրականացվում են տվյալ շուկայում գերիշխող դիրք ունեցողի կողմից: Քանի որ այս ոլորտում գերիշխող ընկերություն կա, թանկացման պատճառները բացահայտելու ուղղությամբ ուսումնասիրություններ են տարվում: Մասնագետի խոսքով, իրենց թեժ գծին հաճախ բողոքներ են ստանում կապված ընդեղենի թանկացման հետ, բայց այստեղ իրենք անելիք չունեն, քանի որ գերիշխող ընկերություն չկա եւ գնային սանդղակը մրցակցությունն է սահմանում: Փոխարենը բանանի էժանացումը պայմանավորում է մրցակցային շուկայի ձեւավորմամբ: Այժմ կարելի է մեկ մկիլոգրամ բանան գնել 730 դրամով, մինչդեռ անցած տարի նվազագույն գինը 900 դրամ էր: Քաղաքացիները հաճախ են բողոքում ապրանքների թանկացումից, սակայն, ինչպես ասում է մասնագետը՝ երբ հերթը հասնում է կոնկրետ ապրանք մատնանշելուն, դժվարանում են:

 


Source: Yerkir Media
Link: ՏՄՊՊՀ. «2015թ-ի դեկտեմբերի համեմատ՝ գների նվազում կա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image