ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նոյեմբերի 17-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդության բանիմացների խորհրդի անդամ, ԻԻՀ գյուղատնտեսության նախարարությունում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Հասան Ալամիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել Հայաստանում մահմեդական «հալալ» կանոններով կատարվող մորթի կազմակերպմանն առնչվող հարցերի:
Հանդիպմանը մասնակցում էին նաև ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք:
Այաթոլլահ Հասան Ալամին նշել է, որ Իրանում մեծ պահանջարկ է վայելում Հայաստանում արտադրված ոչխարի միսը, և իրենք հետաքրքրված են, որպեսզի քննարկվեն ոչխարի մսի արտահանման ծավալներն ավելացնելու և «հալալ» մորթ կազմակերպելու հնարավոր տարբերակներ:
Հասան Ալամին իր հերթին նշել է, որ իրենց կողմից տրամադրվող «հալալ» մսի հավաստագիրն անցողիկ է իսլամական երկրներում, ինչը հնարավորություն է տալիս նաև ընդլայնել արտահանման աշխարհագրությունը:
Նախարարը կարևորել է Հայաստանում «Հալալի» գրասենյակ բացելու աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը՝ հաշվի առնելով նաև ԻԻՀ–ում ստորագրված անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիրը:
Քննարկվել են նաև «հալալ» մորթի մշակույթի ներդրմանը, հստակ չափանիշների սահմանմանը, այլ սպանդանոցների բացման անհրաժեշտությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Source: Yerkir Media
Link: Քննարկվել են ՀՀ-ում «հալալ» կանոններով մորթի կազմակերպմանն առնչվող հարցեր