Սուրբ Աթոռի լրատվական ծառայության տնօրեն հայր Ֆեդերիկո Լոմբարդին հունիսի 21-ին լրագրողների հետ զրույցում ներկայացրել է Ֆրանցիսկոս պապի՝ հունիսի 24-26-ը Հայաստան կատարելիք այցի մանրամասները:
Ինչպես տեղեկացնում է «Ռադիո Վատիկան»- ի կայքէջը, նա նշել է, որ Պապի այցելությունն ընդգծում է վերջինիս ցանկությունը՝ ցույց տալու իր մտերմությունը հայ ժողովրդին, որն իր երկար պատմության ընթացքում այդքան տառապել է, ինչպես նաեւ հայերի՝ խաղաղության ձգտումը կիսելու համար:
Լոմբարդին տեղեկացրել է, որ Ծիծեռնակաբերդ հուշահամալիր կատարելիք այցի ընթացքում Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ:
«Այցի շրջանակներում Հռոմի Պապը կհանդիպի կոտորվածների ժառանգների հետ՝ Ծիծեռնակաբերդ կատարելիք այցի ժամանակ: Հուշահամալիրը ոգեկոչում է այն 1.5 միլիոն հայերի հիշատակը, ովքեր սպանվել են 1915-1923 թթ-ին Օսմանյան զորքերի կողմից»,- նշել է նա:
Պապը Խոր Վիրապից աղավնիներ բաց կթողնի Արարատի ուղղությամբ։
Source: Yerkir Media
Link: Ֆրանցիսկոս պապը կհանդիպի Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների հետ