Հունվարի 25-ի Կառավարության նիստի ընթացքում ընդունվեց որոշում, համաձայն որի մարտի 9-ի աշխատանքային օրը տեղափոխվեց 2018 թվականի մարտի 17-ը։ Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել հատկապես՝ տնտեսավարողների գործունեությանը։
«Պետական եկամուտների կոմիտեի նախագահին, Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և առաջարկում եմ Կենտրոնական բանկի նախագահին՝ մարտի 8-ից մինչև մարտի 11-ի ավարտը բոլոր մաքսատներում, սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն՝ նախապես հաստատված աշխատանքային գրաֆիկին համապատասխան»,- նշել է վարչապետը։
Վարչապետի հաջորդ հանձնարարական առնչվում էր քաղաքների մուտքի և ելքի ճանապարհների, ճարտարապետական լուծումների կանոնակարգման և միջավայրի բարեկարգման հարցերին, հատկապես հաշվի առնելով այս տարվա 3 խոշոր իրադարձություններն ու զբոսաշրջային այցերը։ Կարապետյանը հանձնարարեց, որ սեղմ ժամկետներում պետք է կատարեն բարեկարգման աշխատանքները։ Ֆինանսների նախարարին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարեց, ինչպես նաև Երևանի քաղաքապետին առաջարկեց, որ 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երևան տանող ճանապարհի հատվածի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումները, ինչպես նաև նախագծային փաստաթղթերը, այդ թվում ակնկալվող ֆինանսական ծախսերը և համապատասխան փաթեթը ներկայացնել Կառավարության աշխատակազմ։
Միաժամանակ առաջարկեց նաև Գյումրու քաղաքապետին առավելագույնը երկամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի և դեպի Երևան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաև կանաչապատման աշխատանքների ավարտը։
Source: Yerkir Media
Link: 4 օր անընդմեջ ոչ աշխատանքային օրերը կարող են դժվարություններ առաջացնել. վարչապետ