ՀՀ փաստաբանական դպրոցի 65 շրջանավարտ մայիսի 21-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի կենտրոնից:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ փաստաբանական համայնքի առավելություններից մեկը բազմակարծությունն է: Անդրադառնալով մի քանի գործընկերների այն կարծիքին, որ փաստաբանական դպրոցը չպետք է այս քանակի շրջանավարտներ ունենա, Պալատի նախագահը նշել է, որ հավանաբար այդ մոտեցման հիմքում այն է, որ փաստաբանների քանակի ավելացումն ազդելու է գործերի քանակի վրա: Նա տեղեկացրել է, որ բարեբախտաբար փաստաբանական պալատի կառավարման մարմինն այդպիսի դիրքորոշում չունի եւ չի կիսում այդ տեսակետը: Արա Զոհրաբյանը ներկայացրել է որոշ վիճակագրական տվյալներ բնակչություն-փաստաբաններ հարաբերակցության վերաբերյալ, համաձայն որի մեր երկրի 100.000 բնակչին հասնում է 56 փաստաբան, իսկ այլ երկրներում, օրինակ Իսրայելում փաստաբանների թիվը գերազանցում է 600-ը, Իտալիայում եւ Հունաստանում՝ 300-ը, Գերմանիայում՝ 200-ը: Նա հավելել է, որ իրականում այս առումով շատ աճելու տեղ կա եւ մոտակա 10 տարվա ընթացքում կրիտիկական շեմին չենք մոտենալու: «Ամեն տարի համայնքը համալրվում է մոտ 150 փաստաբանով, մենք չենք շեղվելու մեր ընտրած ուղուց: Նույնիսկ զարգացած երկրներում այսպիսի մոտեցում կա, քանի որ փաստաբանությունն ազատ մասնագիտություն է իրավունք չունենք սահմանափակելու նրանց թիվը, խոչընդոտելու նրանց»,- եզրափակել է Արա Զոհրաբյանը:
Արտոնագրերը հանձնելուց առաջ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նաեւ տեղեկացրել է, որ աշխատավայր, գրասենյակ չունեցող նոր փաստաբանների համար Պալատում կահավորված եւ տեխնիկապես զինված 20 տեղանոց աշխատասենյակ է հատկացվելու 6 ամսով, ինչը կօգնի փաստաբաններին ունենալ աշխատատեղ, կայանալ իրենց մասնագիտության մեջ, փորձ եւ վստահորդներ ձեռք բերել: Նոր փաստաբանների կայացմանն աջակցելու այս ծրագրով պայման է դրվելու նաեւ, որ նրանք սպասարկեն անվճարունակ խավին:
Source: Yerkir Media
Link: 65 նոր փաստաբան ունենք