Գառնի գյուղում հոսող Ազատ գետի տարածքում վերջին օրերին սկսվել են իրականացվել Քաղրցաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքները, որոնք, ըստ գյուղացիների, ապօրինաբար են իրականացվում: Գառնեցիներն այսօր մեկ մարդու նման բողոքում ու պայքարում էին գետի ազատության համար: Նրանք փակել էին Գառնի մուտք գործող գլխավոր ճանապարհը:
Գառնի գյուղի բնակիչների խոսքով՝ ծրագրի ղեկավարներն օգտվում են երկրի լարված իրավիճակից եւ առանց Կառավարության ու Համաշխարհային բանկի կողմից տրված վերջնական որոշման սկսում են կառուցապատման ընթացքը:
«Արդեն մոտ 2 տարի կլինի, որ մենք պայքարում ենք Գառնիի կիրճում էկոհամակարգի ոչնչացման դեմ, քանի որ այդ ծրագրի իրականացման դեպքում մենք կորցնում ենք մեր գետը: Բացի դրանից, գյուղն ինքը ոռոգման շատ մեծ կարիք ունի, մարդիկ չեն կարողանում մշակել իրենց ցանքատարածություններն, այգիները»,- ասել է Գառնի գյուղի բնակիչ Մետաքսյա Պետրոսյանը:
Ոստիկանական ուժերը հավաքը ցրելու նպատակով գյուղացիներին հավատացրին՝ որոշ ժամանակով շինարարական աշխատանքերը դադարեցվելու են: Հավաքվածներն ազատեցին ճանապարհը, սակայն քիչ անց տեղեկացանք, որ շինարարության ղեկավարին ոչ մի նման հրահանգ չի տրվել ու աշխատանքերն ընթանում են նույն հունով:
Շինարարության ղեկավարը վստահեցրել է, որ առկա են իրեն անհարժեշտ փաստաթղերը եւ նա այսօր լիովին իրավունք ունի դրանք իրագործելու: Ղեկավարը նշել է, որ Քաղրցաշենի ինքնահոս ոռոգման ծրագրի աշխատանքերը նրանք այս օրերին սկսել են իրենց ֆինանսներով, եւ դեռ չունեն կառավարության եւ Համաշխարհային բանկի կողմից տրված հստակ որոշումը: Իսկ այն դիտարկմանը, թե գյուղացիներն անհանգստացած են ներկայի եւ հետագա ծառահատումների խնդրով, շինարարության ղեկավարը պատասխանել է.
«Ծառերը չեն կտվում, միգուցե կտրվում են ուղղակի թփեր: Եթե մենք ծառ հատենք, ապա դրանից հետո պետք է երեքը տնկենք»,- ասել է «Ֆոր Դիրեքշն» ՍՊԸ-ի ղեկավար Վաչե Դավթյանը:
Source: Yerkir Media
Link: Գառնիի բնակիչներն այսօր փակել էին գյուղ մտնող գլխավոր ճանապարհը