«Միշտ անհանգստանում էր եղբոր համար, բայց նենց եղավ, որ ինքն ախպոր ձեռքերում զոհվեց». մի դիրքի պատմություն

aysor.am — Արցախի հարավային ուղղությամբ Ստեփանակերտից շարժվում ենք առավոտյան: Մեզ համար ժամը շուտ է, բայց երբ տեղի հրամանատարներից մեկին ասում ենք՝ «դե կեսօրին կհասնենք ձեզ մոտ», կատակում է՝ «է կեսօրին գալիս եք ո՞ր ինչ: Հենա ասեք օրը պրծավ էլի»:  Ժամանակի չափումները մեր ու զինվորականների մոտ՝ հատկապես այս օրերին, շատ տարբեր են:

Հարավային այս հատվածներ այցելությունիցս մի տարի է անցել, մեջտեղում՝ մի պատերազմ: Հիշում եմ նախորդ անգամ աչքիս եկած տեսարաններն ու համեմատում հիմայի հետ: Գրեթե նույնն է: Միայն դեղին ծաղիկները չկան՝ երևի դեռ չեն ծաղկել, ու ճամփեզրին զինվորներն են շատ՝ ինժեներական աշխատանքներից կարմրած՝ ժպիտով ու սիրուն: Մեր վարորդն արդեն գիտի՝ ամեն խմբի մոտով անցնելիս մեքենայի ազդանշանով՝ «սիգնալով» բարևում է տղերքին: Իրենք՝ մեզ: Մտածում եմ՝ հիմա կասեն՝ «էս քաղաքացիք էլի գնում գալիս են ավտոյով, իրանց ի՞նչ կա, հարմար կգնան-կգան, ստեղ մնացող գործ անողն ու շոգողը մենք ենք»:

Արդարացում չեմ փնտրում ինքս ինձ, ես համամիտ եմ:

Հարավային ուղղության զորամիավորումներից մեկի շտաբ ենք հասնում:  Պատուհանից տեսած դաշտավայրերն ու բլրակներն այստեղ արդեն քարտեզի տեսքով են: Նայում ենք ուղղության ապրիլի 1-ի լույս 2-ի ու հետագա մարտերի քարտեզը՝ վրան կարմիր-կապույտ գծեր են, ծայրում՝ N համարի հենակետը: Դիրք, որտեղ կասեցվեց հակառակորդի առաջխաղացումն ու որը պահելու շնորհիվ՝ ձախողվեցին ադրբեջանական իրական պլաններն այս ուղղությամբ:

-Կարո՞ղ ենք գնալ N համարի հենակետ:
-Կգնանք,-  ստանում եմ պատասխանը:

Լալա Լագա, Լալե Թեփե, Լալա Իլագին՝ բարձրությունը 270 մ

Դիրքն, ուր շարժվում ենք ապրիլյան օրերին մի քանի անունով հայտնի դարձած Լալա Լագա, Լալե Թեփե կամ Լալա Իլագին «բարձունքի» մոտ է: Առանց թերագնահատելու թշնամուն՝ տարրական աշխարհագրական գիտելիքները կստիպեն տեսնողին այն ոչ թե բարձունք, այլ գոնե բլրակ անվանել: Հատկապես, որ այն դիտարկում ենք ճիշտ նույնքան բարձրություն ունեցող մեր մեկ այլ դիրքից:

«Իսկ մի քիչ թիկունքում մի քանի բարձունք ունենք, որ 300 և ավելի մետր են: Բոլորը միայն ասում են բարձրադիր են, բա եթե հիմա մենք իրենց զուգահեռ բարձրության վրա կանգնած ենք էլ ո՞նց եղան բարձրադիր»,- բացատրում է մեզ ուղեկցող, այս ուղղությամբ դիվիզիայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արարատ Մելքումյանն ու շեշտում՝ մեր բոլոր դիտարկվող տեղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ինժեներական աշխատանքները կատարված են:

«Մի քանի օրում այ էսքան ճանապարհներն անվտանգ դարձրինք»,- ասում է գնդապետն ու ցույց տալիս թիկունքում եղած փոս-ճանապարհները, որոնցով էլ եկանք այստեղ.

«Բոլորն են օգնել՝ կամավորները, գյուղացիները, գալիս հավաքվում էին, թե օգնենք միասին ավելի արագ հողային աշխատանք կանենք»,- ավելացնում է գնդապետը:

Նրա հետ բարձրանում ենք հենց այն՝ N համարի հենակետը, որը ևս բարձարդիր հատվածում է.

«Գիտե՞ս ստեղով էդ օրերին ինչքան ենք բարձրացել իջել՝ զինամթերք բերել, վիրավոր իջեցրել, քանի անգամ քիչ էր մնում սայթաքենք, բայց պահում էինք մեզ»,- պատմում է Արարատ Մելքումյանն, ու ես փորձում եմ ավելի զգույշ բարձրանալ ու հանկարծ չսայթաքել՝ ասածից հետո ամոթ է:

Նվերը, Ազնավուրը, Ղարիբը

Մինչև հենակետ՝ բուն գործողությունների վայր տեղափոխվելը, իր տեղակայման վայրում հանդիպում եմ ավագ լեյտենանտ Արամին (անունը փոխված է- հեղ.):
Արամն օրեր առաջ նախագահից «Արիության մեդալ» է ստացել, այս ուղղության հատուկ նշանակության վաշտի, առաջին հատուկ խորքային հետախուզական խմբի հրամանատարն է: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերից հինգ օր ծառայակիցների հետ մնացել է N հենակետում:

«Մեզ խնդիր դրվեց՝ պահել այդ հենակետն ու դրանով ջարդել թշնամու առաջխաղացումը: Մենք արեցինք»,- զինվորականի պարզությամբ պատմում է հետախույզն ու միանգամից ավելացնում.

«Իմ խմբից ես կորուստ ունեցա՝ Սիմոնյան Նվերը, երկու տղա էլ մեր վաշտի մյուս խմբերից զոհվեցին՝ Բալայան Ազնավուրն ու Սահակյան Ղարիբը՝ Գարիկ էինք ասում իրան»:


Նվեր Սիմոնյան (1990թ.), Ազնավուր Բալայան (1987թ.), Ղարիբ (Գարիկ) Սահակյան (1987թ)

Զրույցի հետագա ամբողջ ընթացքում Արամն իր ընկրներից է պատմում, նույնիսկ, երբ անձամբ իր վերաբերյալ եմ հարց տալիս.

«Իրենց մասին այնքան բան կա հիշելու: Նվերից վերջին օրն եմ հիշում: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ժամը 3-ից արդեն ակտիվացավ մեր ուղղությունը: Վաշտնի վերկաց տրվեց: Նվերն արձակուրդում էր,  զանգեցինք եկավ: Բարձր հրամկազմի կողմից պարգևատրման մի  ժամացույց ուներ,  լավ դիպուկահար էր, շատ խնդիրների էր մասնակցել, եկավ, տեսնում եմ այդ թանկարժեք ժամը կապել է: Ասում եմ՝ «Նվեր, էս ժամը խի՞ ես կապել»:  Ասում է՝ «էէ, հրամանատար, մի բան որ լինի, ասում եմ էս ժամով ինձ ճանաչեն»: Ջղայնացա վրեն՝ «Ասեցի, չե՞ս ամաչում: Դու հլը պսակվելու ես, հարսանիքիդ էլ պարենք…»: Նշանված էր: Ծիծաղացինք միասին էդ առավոտ»:

Մարտը

Արամը հիշում է՝ սկզբում N հենակետ գնացին մի վիլիսով.

«Ես էի, գնդապետ Արարատ Մելքումյանը, իր վարորդը, Նվեր Սիմոնյանը, Ազնավուր Բալայանը: Մեզ համար «յաչեյկեք» սարքեցինք ու ամրացանք: Այդ ընթացքում հակառակորդը հրետակոծում էր այստեղ բերող ճանապարհները՝ նենց որ վերցրեցինք հնարավորության սահմաններում շատ զինամթերք՝ փամփուշտներ նռնակներ, դիպուկահարներ: Տղերքը՝ Նվերը, Ազնավուրն ու Գարիկը նռնականետորդներ էին: Ամրացանք: Հենց առաջին ժամերին մեր Ազնավուրը հակառակորդի մի զրահատեխնիկա շարքից հանեց: Իրենք անընդհատ փորձում էին ճեղքել, անցնել այդտեղով, մենք՝ պահում էինք: Հետո մեր վաշտից օգնողներ եկան: Պատկերացնելու համար պիտի ասեմ, որ մեր այդ դիրքը վերջինն էր՝ մեր ու հակառակորդի միջև, կիսում էր մեզ ու իրանց: Այնպես որ՝ պահելը շատ կարևոր էր»,- հիշում է Արամն ու շարունակում.

«Այդ ընթացքում խնդիր եղավ նաև մեր կողմից ճեղքում անելու ու այդ ուղղությամբ մեր դիրքերից մեկը հետ վերցնելու: Մի քանի հոգով գնացինք՝ իրենցից մի քանի հատուկջոկատային սպանվեց այդտեղ: Ուզում եմ բացատրել, որ ոչ միայն պաշտպանվում էինք, մի բան էլ առաջ էինք գնում: N դիրքում մնացինք մինչև ապրիլի 4-ի գիշերը: Տղերքն ապրիլի 3-ի առավոտյան զոհվեցին»,- Արամը փորձում է ինձանից փախցնել հայացքն ու էլի մարտից անցնում հիշողություններին.

«Նվերը շատ կատակներ էր անում, ասում էր՝ «է էդքանովդ ու՞ր եք գալիս, ես հեսա մենակով գնամ էն թումբը վերցնեմ գամ»: Ու մեկ էլ հիշում եմ, N հենակետում միասին անցկացրած երեք օրերից մեկն էր, դե թուրքերեն «աթաշ» նշանակում է կրակել: Նվերը վերցրեց նռնականետը դրեց ուսին ասեց՝ «եկա Ալիև՝ աթաշ»: Դրանից հետո կրակեց, բերանը չէր փակել կրակելուց, ականջները մի քանի րոպեով խլացան, գնացի ասում եմ՝ «հն Նվեր, ո՞նց ես»: Ծիծաղաց ասում ա՝ «էհ, հրամանատար աթա՜շ»:

Ազնավուրն էր, միշտ կատակներ անում: Հենակետում դիրքավորված՝ շոգ, փոշի, նստած ենք ասում էր՝ «կամանդիր, չհելնե՞նք մի հատ Մարտունի լավ լողանանք հետ գանք»:

Գարիկը … Ամեն առավոտ  զարթնում, ասում էր՝ «լավ ա, էսօր էլ ապրեցինք հրամանատար»: Երեք երեխա ուներ փոքր, շատ էր դողում իրանց վրա, դրա համար էլ մտածում էր:  Օրինակ Նվերն էլ, իր ախպոր վրա էր դողում: Հարազատ փոքր ախպերը՝ Ազատը, էլի ծառայող է, մեր վաշտից: Միշտ անհանգստանում էր Ազատի համար, ասում էր՝ մի բան չլինի: Բայց նենց եղավ, որ ինքն ախպոր ձեռքերում զոհվեց»,- պատմում է Արամն ու միանգամից ավելացնում.

«Իրականում կռվում պիտի սառը լինես: Հիմա Նվերի եղբայրն ուզում է հետ գա ծառայության, ասում ենք՝ դեռ շուտ է, տաք-տաք որոշումներ կկայացնի: Գիտեք, որ զոհվում են տղերքը՝ ցավ է, շատ մեծ, բայց պիտի հասկանաս՝ ընկերդ զոհվեց, իսկ մարտը դեռ շարունակվում է: Կան վիրավոր տղերք, ում կարող ես օգնել ու ում օգնելու համար պիտի սթափ լինես: Երևի այդպես էլ պահեցինք էդ դիրքը»:

Նվեր Սիմոնյանը, Ղարիբ (Գարիկ) Սահակյանն ու Ազնավուր Բալայանը զոհվում են ապրիլի 3-ի առավոտյան՝ հակառակորդի տանկի հարվածից՝ երեք օր կռիվ տալուց հետո:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում


Source: Yerkir Media
Link: «Միշտ անհանգստանում էր եղբոր համար, բայց նենց եղավ, որ ինքն ախպոր ձեռքերում զոհվեց». մի դիրքի պատմություն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image