«Ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խորհրդարանական խմբերի համար». Բունդեսթագի պատգամավոր

Tert.am— Գերմանիայի Բունդեսթագում այսօր սպասվում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծի քվեարկությունը: Tert.am-ը բացառիկ զրույց է ունեցել սպասվող իրադարձության մասին օրինագիծը նախաձեռնող կուսակցություններից Քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության պատգամավոր Մարտին Պեթզոլդի հետ: Ըստ գերմանացի պատգամավորի՝ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե պատմական սխալ է, այլ՝ հաշտեցման հնարավորություն:

-Պարո՛ն Պեթզոլդ, հունիսի 2-ին Բունդեսթագում նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի քվեարկությունը: Նախորդ տարի այն դուրս եկավ օրակարգից գերմանական կառավարության միջնորդությամբ: Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ այն կանցնի՞, այս անգամ էլ Գերմանիայի կառավարությունը կմիջամտի՞։

-Հայոց ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խորհրդարանական խմբերի՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության/Քրիստոնեա-սոցիալիստական միության, Սոցիալ-դեմոկրատական և «Կանաչներ» կուսակցությունների համար՝ նպատակ ունենալով հաշտեցնել ազգերին: Դա մեզ համար կարևոր է ոչ միայն Գերմանիայի կայսրության դերը հիմա վերագնահատելու համար, այլ առավել շատ մենք ցանկանում ենք օգնել Հայաստանի և Թուրքիայի միջև արտաքին հարաբերությունների կառուցողական բարելավմանը։

-Ի՞նչ եք կարծում՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ի՞նչ կտա Գերմանիային որպես պետություն:

-Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը ճանաչում է 20-րդ դարում տեղի ունեցած իրադարձություններում իր բարոյական և պատմական պատասխանատվությունը: Հետևաբար, մենք նույնպես ցանկանում ենք ընդունել հայ ժողովրդի նկատմամբ ունեցած մեր պատմական պատասխանատվությունը:

-Ակնհայտ է, որ եթե օրինագիծն անցնի, խնդիրներ կառաջանան Թուրքիայի և Գերմանիայի միջև: Դա հնչում է Էրդողանի շուրթերից, և այդ մասին հայտարարում են Գերմանիայում պրո-թուրքական կազմակերպությունները: Խոսակցություններ կան, որ այն կարող է վտանգավոր լինել, որովհետև Գերմանիայում է Թուրքիայի ամենամեծ համայնքը և չի բացառվում, որ նաև խնդիրներ կարող են առաջանալ հասարակության շրջանում: Կա՞ նման վտանգ: Դուք ինչպե՞ս պետք է հաղթահարեք այդ մարտահրավերները:

-Մինչ այս բանավեճի սկսելը, ակնհայտ էր, որ որոշ թուրքական համայնքներ կքննադատեին Հայոց ցեղասպանության ճանաչումը: Բայց Գերմանիան պետք է վերջապես տեղի ունեցածը ճանաչի որպես ցեղասպանություն, և նաև կարևոր է, որ մենք մեր ձեռքն ենք վերցրել այս բանավեճը՝ պատասխանատվությամբ և հետևողականորեն: Մեր աշխատանքն է, որպես ընտրված պատգամավորներ, բացատրել այս որոշումը Գերմանիայում ապրող բոլոր մարդկանց:

-Ինչպես արդեն ասացի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը չեն ողջունում թուրքական իշխանությունները. Գերմանիայում Թուրքայի դեսպանն էլ հայտարարել է, որ դա կլինի Գերմանիայի «պատմական սխալը»: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ գործընթացներ կսկսվեն Թուրքիա-Գերմանիա և Թուրքիա-ԵՄ հարաբերություններում, եթե Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծն անցնի:

-Անձամբ ես չեմ համարում, որ Ցեղասպանության ճանաչումը «պատմական սխալ» է, ավելին կասեմ՝ այն հաշտեցման պատմական հնարավորություն է: Հատկապես մեր ժամանակներում, երբ Միջին Արևելքում շատ տարբեր էթնիկ և ազգային խմբեր պայքարում են միմյանց դեմ, մենք կարիք ունենք խորաթափանց լինելով՝ դրանք կապել մեր պատմության հետ: Մեկի բարոյական պատասխանատվության գիտակցումը մյուսի պատմության առջև անհրաժեշտ է ԵՄ-ի և ԵՄ հայտատու յուրաքանչյուր երկրի համար: Դրա համար, ես շատ հավատում եմ, որ Գերմանիան միշտ կպայքարի կողմնորոշված մոտեցմամբ ապագա բանակցություններում խնդրի լուծման համար:


Source: Yerkir Media
Link: «Ցեղասպանության ճանաչումը կարևոր խնդիր է Գերմանիայի խորհրդարանական խմբերի համար». Բունդեսթագի պատգամավոր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image