Հայաստանի անկախացման, հետո արդեն նորանկախ Հայաստանի կայացման խնդիրները մշտապես տեղ են գտել Սփյուռքի հեղինակավոր թերթերից մեկի՝ Թեհրանի «Ալիք» օրաթերթում: Այս տարին հոբելյանական է նաեւ «Ալիքի» համար:
85-ամյա օրաթերթը գործունեությունը դադարեցրել է 2 անգամ միայն՝ 1940-ականներին՝ համաշխարհային պատերազմի տարիներին, նաեւ՝ իրանական հեղափոխության ընթացքում «Ալիքն» ինքնակամ միացել է գործադուլ հայտարարած լրատվամիջոցներին:
1931 թվականի մարտի 22-ին Թեհրանում լույս տեսավ «Ալիք» թերթի առաջին համարը: Գլխավոր նպատակը հայաստանամերձ սփյուռքում հայապահպանությունն էր, նաեւ՝ Հայաստանի վերաանկախացման երազանքը: Սակայն տասնամյակների ընթացքում «Ալիք» օրաթերթը դարձավ կարեւոր ու առանցքային օղակ ոչ միայն իրանահայության, այլեւ հենց իրանական ու մասնավորապես՝ պետական շրջանակների համար, կամուրջ երկու երկրների միջեւ: Լինելով ՀՅԴ պաշտոնաթերթ՝ «Ալիքը», սակայն, չսահմանափակվեց կուսակցական շրջանակներով:
«Ալիքը» Իրանում լույս տեսնող հայկական միակ օրաթերթն է: Հայ համայնքը Իրանի ազգային եւ կրոնական փոքրամասնությունների շարքում միակն է, որ ունի օրաթերթ: «Ալիքն» ընդամենը 5 տարով է փոքր Իրանում լույս տեսնող ամենահին՝ «Էթելաաթ» օրաթերթից: Այս փաստերն ընդգծում են «Ալիքի» կարեւորությունն ու նաեւ օրաթերթի վստահված պատասխանատվությունը: 3 հազար օրինակով «Ալիք»-ը տարածվում է Իրանի 4 քաղաքներում, բաժանորդներ ունի նաեւ Հայաստանում: Շուրջ 3 տարի ամեն հինգշաբթի օրաթերթի հետ տարածվում է 4 էջանոց պարսկերեն հավելվածը, որը տարածվում է նաեւ պետական շրջանակներում:
«Ալիք»-ում ավանդույթները շատ են: Խմբագրությունից գրաշարության բաժին նյութերը դեռ շարունակում են ուղարկել ավանդական ձեւով՝ չնայած առկա բոլոր հնարավորություններին: Պահարանում օրաթերթի հարստությունն է՝ 85 տարվա արխիվը: Հայաստանի ազգային գրադարանի հետ համագործակցությամբ այն թվայնացվում է:
«Ալիք»-ի հրավերով հոբելյանական միջոցառումներին մասնակցում են սփյուռքի, նաեւ՝ Արցախի հեղինակավոր լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանցից շատերն իրենց թերթերում ու կայքերում հրապարակում են «Ալիքի» խմբագրականները, տարածաշրջանին առնչվող նյութերը: «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Հենրիկ Խալոյանն ասում է՝ Հայաստան, Սփյուռք, Արցախ միությամբ ու ներուժով պետք է պայքարենք մեր առջեւ ծառացած մարտահրավերների դեմ:
85 տարին լրատվամիջոցի համար, այն էլ՝ սփյուռքում լույս տեսնող, պատկառելի տարիք է: «Ալիքի» տնօրենն ասում է՝ չգիտեմ որքան, բայց օրաթերթը կշարունակի լույս տեսնել քանի դեռ մեկ հայի տանը կլինի դրա կարիքը:
Source: Yerkir Media
Link:
«Ալիքը» կշարունակի լույս տեսնել, քանի դեռ մեկ հայի տանը կլինի դրա կարիքը»,- ասում է տնօրենը