hetq.am— «Հետք»-ը փորձաքննության է ներկայացրել տեղական արտադրության կաթնաշոռի 7 նմուշ և պարզել, որ դրանցից և ոչ մեկը չի համապատասխանում նորմերին. դրանց մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի, բորբոսասնկերի և կաթնաթթվային մանրէների անթույլատրելի քանակ:
Նույն նմուշներից 6-ի փորձաքննությունն ամիսներ առաջ իրականացրել է նաև Հանրային հեռուստատեսությունը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աջակցությամբ հեռարձակվող «Համի որակը» հաղորդման ժամանակ, և ստացել բոլորովին այլ պատկեր։
Օգտակար և անվտանգ կաթնաշոռը
Կաթնաշոռը կաթնաթվային սննդամթերք է, որի բաղադրության մեջ մտնում են անփոխարինելի ամինաթթուներ (սպիտակուցներ), վիտամիններ (A, C, D և B խմբի տարրեր), ֆոլաթթու, երկաթ, կալցիում, պղինձ, մագնեզիում, նատրիում, ֆտոր, ցինկ և ֆոսֆոր։
Ցածր յուղայնությամբ կաթնաշոռը համարվում է դիետիկ սննդամթերք և օգտագործվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։
Գոյություն ունեն մի շարք նորմեր և որոշումներ, որոնցով սահմանված են կաթնամթերքի արտադրության ու անվտանգության չափանիշները: Մասնավորապես՝ Կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի ՝ «Կաթին, կաթնամթերքին եվ դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների մասին» 1925-Ն որոշման մեջ ասվում է, որ 72 ժամ և ավելի պահպանվող կաթնաշոռում և կաթնաշոռային մթերքումխմորասնկերի թույլատրելի սահմանը պետք է լինի 100 ԳԱՄ/գ-ից, իսկ բորբոսասնկինը՝ 50 ԳԱՄ/գ-ից ոչ ավելի: Տեղական արտադրության կաթնաշոռի պահպանման ժամկետը միջինը 4-6 օր է (96-144 ժամ):
Սահմանված նորմայից ցանկացած շեղում անթույլատրելի է և կարող է վնասակար լինել մարդու առողջության համար։
Օրինակ՝ կաթնաշոռում խմորասնկերի և բորոբոսասնկերի նորմայից ավել լինելը վկայում է արտադրական պրոցեսում խախտումների, օդային տարածքներում առկա խմորասնկերի և բորբոսասնկերի առկայության մասին։ Դրանց շեղումը կարող է նաև նշանակել, որ կաթնաշոռը պատրաստված է երկրորդական հումքի վերամշակումից (ժամկետը լրացած կաթ, թթվասեր, թան և այլն)։
Մաքսային միության տեխնիկական կանոնանակարգի (ՄՄ ՏԿ 033/2013)` «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» նորմատիվ փաստաթղթերի համաձայն՝ կաթնաշոռում կաթնաթթվային մանրէները պետք է լինեն >106 ԳԱՄ/գ-ից։
Եթե կաթնաշոռում դրանք նորմայից ցածր են, ապա արտադրության սկզբնական փուլում տվյալ մթերքում տիտրը (մանրէնէրի քանակը) սխալ է պահպանվել, ինչպես նաև՝ խախտվել են մթերքի պահպանման պայմանները։
Աղիքային ցուպիկի առկայությունը ցանկացած մթերքում անթույլատրելի է. այն հանդիսանում է մի շարք հիվանդությունների հարուցիչ և վկայում է արտադրական պրոցեսում հիգիենիկ նորմերի խախտման մասին։
Փորձաքննության համար ընտրվել է տեղական արտադրության 7 կաթնաշոռ։
Նախքան փորձաքննության հանձնելը, կաթնաշոռերի պիտակները փակվել և համարակալվել են, լաբորատորիա են հանձնվել zip փակվող տոպրակներով։
Բոլոր նմուշները կաթնաշոռերը եղել են ժամկետի մեջ, արտադրողի փաթեթը վնասված չի եղել։
ՆՄՈՒՇ N1
Առաջին համարի նմուշի տակ փորձաքննության է ներկայացվել «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի արտադրած «Մարիաննա» 0.5 % յուղայնությամբ կաթնաշոռը:
Բաղադրության մակնշման մեջ արտադրողը նշում է, որ «կաթնաթթվային մանրէների քանակը պիտանիության ժամկետի ավարտին ոչ պակաս 1x 106 ԳԱՄ/գ» : Փորձաքննությամբ հաստատվել է, որ կաթնաթթվային մանրէները «Մարիաննա» յուղազերծ կաթնաշոռում նորմայի սահմաններում են:
Սակայն դրա մեջ եղել է խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. խմորասնկերը սահմանված նորման գերազանցել են 5, իսկ բորբոսասնկերը՝ 7 անգամ:
Ըստ այդմ՝ այս նմուշը չի համապատասխանում Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի նորմերով սահմանված ՄՄ ՏԿ 033/2013(«Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին») և ՄՄ ՏԿ 021/2011( «Սննդային արտադրանքի անվտանգության մասին») պահանջներին:
Այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:
ՆՄՈՒՇ N2
Երկրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Թամարա և Անի» ՍՊԸ-ի յուղազրկված կաթնաշոռը:
Մակնշման մեջ նշված է, որ այն պատրաստվում է արտադրողի կողմից սահմանված տեխնիկական պահանջներով (ՀՀ ՏՊ), ՄՄ ՏԿ 033/2013 նորմերին համապատասխան և ունի EAC-ի նշան: Վերջինի առկայությունը վկայում է, որ արտադրանքն անցել է Եվրասիական միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված գնահատման բոլոր գործընթացները և կարող է վաճառվել ԵԱՏՄ տարածքում:
Փորձաքննությունից, սակայն, պարզ է դարձել, որ «Թամարա և Անի» ընկերության արտադրած յուղազրկված կաթնաշոռի մեջ կա աղիքային ցուպիկ:
Ավելին, բորբոսասնկերի քանակը նորման գերազանցում է 5,4 անգամ:
Այս նմուշը չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար:
ՆՄՈՒՇ N 3
Երրորդ համարի տակ փորձաքննության է ներկայացվել «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի «Արզնի կաթ» 9%-անոց կաթնաշոռը։ Մակնշման մեջ գրված է, որ կաթնաշոռն արտադրվում է սեփական տեխնիկական պահանջներին համապատասխան (ՀՀ ՏՊ 05724990.5792-2009):
Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Արզնի կաթ» կաթնաշոռում խմորասնկերը գերազանցում են նորման 4,1 անգամ։ Կաթնաշոռի մեջ նորմայից մոտ 2 անգամ ավելի էր նաև բորբոսասնկերի թիվը։
Ըստ այդմ՝ այն չի համապատասխանում սահմանված նորմերին և պիտանի չէ սննդում օգտագործելու համար։
Շարունակությունն՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Կաթնաշոռի մեջ աղիքային ցուպիկ եւ խմորասնկերի, բորբոսասնկերի անթույլատրելի քանակություն է հայտնաբերվել