Hetq.am— Լոռու մարզի Յաղդան համայնքը հայտնի է որպես հունաբնակ: Այստեղ հույները հաստատվել են դեռ 18-րդ դարում, երբ Արեւմտյան Հայաստանից տեղափոխված հույների մի մասը Ախթալայում հաստատվելու փոխարեն նախընտրել է Յաղդանը:
Համայնքապետ Արամ Ջանջուղազյանի խոսքով` ժամանակին գյուղն ունեցել է 1000-ից ավելի բնակիչ: Հույների կողքին այդ տարիներին գյուղում ապրել է ընդամենը չորս հայ ընտանիք:
«Մելիքսեթյաններ, Աբովյաններ, Մնացականյաններ, Շիրմազանյաններ: Այդ 4 ընտանիքն է եղել, մնացածը հույներ են եղել»,- ասում է համայնքապետը:
Հայաստանում ազգային փոքրամասնություն կազմող հույները 2 դարից ավելի Յաղդանում մեծամասնություն են կազմել: Գյուղից նրանց արտահոսքն սկսվել է 1990-ականների սկզբին, երբ Հունաստանը հանդես է եկել հույներին շահագրգռող առաջարկներով: «Մութ ու խավար տարիներին, երբ Հունաստանում մեծ արտոնություններ տվեցին՝ սեփական տուն, աշխատանք, թոշակ, մարդիկ սկսեցին ակտիվորեն տեղափոխվել Հունաստան»,- պատմում է Ա. Ջանջուղազյանը:
Վերջին 25 տարվա ընթացքում Յաղդանում ապրող հույների թիվը կտրուկ նվազել է՝ 1000-ից դառնալով 25: Գյուղում մնացել են տարեց հույները, որոնք ի վիճակի չեն տեղափոխվել Հունաստան, ու նրանք, ովքեր չեն կարողացել կտրվել ծննդավայրի հող ու ջրից:
Ազգությամբ հույն Տանյա Արզիեւայի երեխաներն ապրում են Հունաստանում: Միայնակ ապրող կինը չնայած առողջական խնդիրներին, չի ցանկացել մեկնել երեխաների մոտ: Տատի վերջին տարիների մենությունն այժմ սփոփում է նրան խնամելու համար Հունաստանից վերադարձած թոռը:
Երկու անգամ Հունաստան մեկնած Նինա տատը վերջին այցի ժամանակ կտրուկ որոշել է՝ ետ են վերադառնում Հայաստան, այլևս երբեք երկիրը չլքելու պայմանով:
«Գնացել էինք Հունաստան տուրիստ: 6 ամիս մնացինք, եկանք ու որոշեցինք՝ էլ չենք գնալու: Գնացել ուրիշի առաջին աշխատում էինք: Կարտոլ էինք հավաքում, բամբակ էինք հավաքում: Հետո ասի, վա՜յ, գլուխդ մեռնի, Նինա, խելքդ ո՞րդի ես թողել: Հայդե, վեր կացանք, եկանք,- պատմում է Նինա տատն ու ցույց տալիս տնամերձը,-20 տարի ա՝ ստեղ ենք, 7 բաղչա էինք բեջարում, կամաց կրճատել ենք: Ամեն ինչ պահել ենք, երեխանցը օգնել ենք, սովորել են, աշխատել են, հիմի էլ ամեքն իրանց նպատակին են հասել»:
Նինա տատի բոլոր հարազատները հիմա Հունաստանում են բնակվում: Յաղդանից հեռացած քույրը վերջերս հյուր է եկել, կարոտով շրջել իր թողած տանն ու հրաժեշտից առաջ Նինային ասել՝ երանի քեզ:
«Էն ժամանակ ասում էին՝ մնա, մի գնա, հիմի ասում են՝ երանի քեզ, ամենախելացին դու ես, որ մնացիր Յաղդանում»,- ժպտում է Նինա տատը:
Յաղդանի դպրոցում տարիներ շարունակ կողք կողքի սովորել են հայ ու հույն երեխաները:
«Հայ, հույն տարբերություն չկար: Գնում էինք դպրոց,բայց ասում չէինք թե՝ դու հայ ես, ի՞նչի ես եկել մեր դպրոց: Մի կորնի ենք, խաչապաշտ ենք, մենք հայ-հույնը չենք տարբերել»,- բացատրում է Նինա տատը:
Մինչև վերջերս Յաղդանի դպրոցում հուներենի խմբակ է գործել: Այժմ խմբակը չի գործում ուսուցանողի բացակայության ու ֆինանսական խնդիրների պատճառով:
Տարբեր տարիներին Յաղդանից հեռացած հույները մինչ օրս գյուղի հետ կապը չեն կտրում: Գյուղապետի խոսքով՝ դատարկ մնացած 100-ից ավելի տները հեռացած հույներն առաջարկել են տրամադրել գյուղում բնակվել ցանկացողներին:
Շարունակությունը՝ այստեղ
Source: Yerkir Media
Link: Յաղդանում 25 տ առաջ հույները մեծամասնություն էին, այժմ՝ փոքրամասնություն. hetq.am