Մերկելը մտահոգություն է հայտնել Թուրքիայում Ջումհուրիյեթ թերթի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ
November 3, 2016
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին խոր մտահոգություն է հայտնել Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր Ջումհուրիյեթ թերթի աշխատակիցների ձերբակալության կապակցությամբ։
Շվեյցարիայի նախագահի հետ ունեցած համատեղ ասուլիսում նա հայտարարել է, որ մամուլի ազատությունը կենտրոնական դեր է խաղալու ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցություններում.
«Ինձ ու ողջ կառավարությանը չափազանց մտահոգել է այն, որ մամուլի ու խոսքի ազատությունը նորից ու նորից խախտվում է։ Արդեն վշտալի միտման վերջին օրինակը Ջումհուրիյեթ թերթի գլխավոր խմբագրի ու լրագրողների հետ տեղի ունեցածն է»։
Մերկելը լուրջ կասկածի տակ է դրել Անկարայի այն կարծիքը, որ թերթի աշխատակիցների ձերբակալությունները չեն հակասում իրավական պետականության սկզբունքներին։
Նա ընդգծել է, որ Թուրքիայում Գերմանիայի դեսպանն այցելել է խնդրահարույց խմբագրություն, հավելելով, որ առկա իրավիճակը մտահոգիչ է։