Օգնել դրա կարիքն ունեցող յուրաքանչյուր մարդուն: Առաջին հերթին այդ նպատակին անշահախնդրորեն ծառայող կամավորների միջազգային օրն է, որի առիթն էլ Հայ օգնության միության ուշադրության ներքո է: Միության Հայաստանի շրջանային վարչությունը ՀՕՄ-ի 25-ամյակին նվիրված միջոցառում է իրականացնում, որի խորագիրն է «Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար»:
90-ականներին ստեղծվեց Հայ օգնության միությունը ու այդ ժամանակ մասնագիտությամբ ինժեներ Հերմինե Շահումյանը ֆիզիկայի ինստիտուտից հանրապետական հիվանդանոց էր գնում՝ վիրավոր զինվորնորին վիրակապելու: Բուժքրոջ աշխատանքը, սակայն, կարճ տեւեց:
«Ես չկարողացա: Ասեցի ինչ ծանր աշխատանք ուզում է լինի, ես կանեմ, բայց էդ արյունը չէի կարողանում»,- պատմում է Հերմինե Շահումյանը:
Վիրակապելուց բացի այլ գործեր էլ շատ կային: Հիմա հատ-հատ հիշում է այն բոլոր նախաձեռնությունները, որ ինքն ու ՀՕՄ-ի անդամ մյուս կանայք արեցին արժանապատվությամբ: Կառուցեցին դպրոցներ, մանկապարտեզներ ու հիվանդանոցներ, խնամեցին ծնողազուրկներին, օգնեցին զոհված զինվերների ընտանքիներին:
«Կամավորությունը նշանակում է անձնուրացություն, նշանակում է քո ունեցած հավելյալ ժամը տրամադրել, ազգօգուտ գործ անես առանց որեւէ ակնկալիքի եւ որեւէ նյութական սպասելիքի: 25 տարվա ընթացքում ՀՕՄ-ը կամավորական աշխատանք է արել: Մենք ասում ենք 600 հոգի Հայաստանում. սա շատ մեծ թիվ է եւ ինչ խնդիր որ լինում է , մենք կարողանում ենք շատ արագ մեր հօմուհիների միջոցով մեր խնդիրները լուծել»,- մանրամասնեց ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետ Դիանա Հովսեփյանը:
Հայ օգնության միության Հայաստանի վարչության ատանապետն այս ծրագրերը հպարտությամբ է թվարկում, սակայն նրա ու մյուս ՀՕՄ-ուհիների համար ամենակարեւոր օգնությունը արցախյան պատերազմից հետո քառօրյա պատերազմի ընթացում իրականացրածն էր:
«Մեր ՀՕՄ-ուհիները ամնողջ Հայաստանով իրենց ներգործությունը ունեցան վիրավոր զինծառայողներին օժանդակելու եւ օգնեու զոհված զինծառայողների ընտանիքներին»:
Այսօր ՀՕՄ-ը շնորհավորանքներ է ստանում: 25 տարվա ընթացքում շուրջ 600 կամավորով կառույցը ամբողջ հանրապետությունում է աշխատել: Հյուրերը հերթով են թվարկում այն բոլոր ոլորտները, որտեղ ՀՕՄ-ի ձեռքը հասել է, դրանք գրեթե բոլոր բնագավառներում են, երբեմն իր վրա վերցնելով նաեւ պետության պարտականությունները:
Բարեսիրական կառույցներից մեկը նախ հիմնադրվեց Նյու Յորքում՝ 1910 թվականին: Երիտասարդ քաղաքական գործիչ Խաչատուր Մալումյանի գործը շարունակեցին կանայք: Հայաստանում ՀՕՄ-ը հիմնվեց այն ժամանակ, երբ կարիքը կար:
«Այդ տարիներին, երբ մենք կանգնած էինք զինվորի կողքին, երբ այցելում էինք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, չեք պատկերացնի, թե ժողովուրդն ինչ վիճակի մեջ էր: Այդ ժամանակ մենք ցույց տվեցինք, որ կարելի է ոչ միայն վերցնել, այլեւ տալ, եւ կարելի է կամավոր ինչ-որ բան անել ուրիշի համար»,- պատմում է Էջմիածնի մասնաճյուղի ատենապետուհի Շուշան Շուշանյանը:
Հայաստանի վարչությունը նշում է իր 25 ամյակը, սակայն ՀՕՄ-ի տարբեր գրասենյակներ են գործում ավելի քան 2 տասնյակ երկրներում: Շուրջ 15.000 հայուհիներ ամբողջ աշխարհում ձեռք են մեկնում օգնության կարիք ունեցողներին՝ դրա դիմաց ոչինչ չակնկալելով:
Source: Yerkir Media
Link: «Ժողովրդիս հետ` Ժողովրդիս համար». 25 տարի շարունակ ՀՕՄ-ը օգնության կարիք ունեցողների կողքին է