Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապն այսօր՝ դեկտեմբերի 17-ին նշում է ծննդյան 80 ամյակը:
Նա ծննդյան 80-րդ տարեդարձի օրը նախաճաշել է ութ անտունների հետ: Ինչպես հաղորդում է«ՌԻԱ Նովոստի»-ին, հրավիրվածներից վեցը տղամարդիկ էին, իսկ երկուսը՝ կանայք:
Վատիկանի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրավիրվածներից չորսն իտալացիներ էին, երկուսը՝ ռումինացիներ, մեկը՝ մոլդովացի, ևս մեկը՝ պերուացի:
Վաղ առավոտյան Պապը նրանց ընդունել է Վատիկանի սուրբ Մարթայի տանը, որտեղ և Ֆրանցիսկոսը բնակվում է: Նախաճաշին մատուցվել է ավանդական արգենտինական քաղցրավենիք: Ֆրանցիսկոս Պապն էլ նրանցից նվեր է ստացել երեք փունջ արևածաղիկ:
Բուենոս Այրեսի նախկին արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոն Հռոմի 266-րդ պապ դարձավ 2013 թվականի մարտին: Նա հայտնի է հայերի եւ Հայոց ցեղասպանության նկատմամբ ունեցած դրական դիրքորոշմամբ:Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ժամանակ Բուենոս Այրեսում նա կոչ էր արել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը որպես «Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի եւ ամբողջ մարդկության հանդեպ իրականացված ծանրագույն հանցագործություն»:
2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Իսկ արդեն 2016 թվականի հունիսի 24-ին Ֆրանցիսկոս պապն այցելեց Հայաստան:
Source: Yerkir Media
Link: Ֆրանցիսկոս պապն այսօր նշում է ծննդյան 80 ամյակը