Սեւանա լճի սառցակալման հետեւանքով թռչունների մեծաքանակ անկումներ են գրանցվել

February 27, 2017

Սեւանա լճի սառցակալումը լճի թռչնաշխարհի համար ստեղծել է աղետալի իրավիճակ՝  հանգեցնելով  չչվող առանձին  թռչնատեսակների մեծաքանակ  անկումներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Գեղարքունիքի մարզի թռչունների պահպանության միության» խնամակալ, «Սեւան Ազգային պարկ»-ի պահպանության բաժնի տեսուչ Արտակ Սարգսյանը, Սեւանի սառցակալումը ոչ միայն հետաձգել է բազմաթիվ թռչնատեսակների չուն դեպի Գեղարքունիքի մարզ, այլ նաեւ ստիպել է տեղում մնացող տեսակներին՝ հեռանալու ապահով վայրեր: Իսկ այն թռչունները, ովքեր չեն կարողացել ժամանակին հեռանալ, պարզապես ոչնչացել են մեծաքանակ  խմբերով՝ չդիմանալով կերի պակասին ու դաժան պայմաններին:

«Այս օրերին բաց են մնացել միայն Սեւանա լիճ թափվող գետաբերանները, որտեղ նկատվում են ջրլող թռչունների մեծ կուտակումներ: Մեր դիտարկումները չարձանագրեցին տառեխի ոչ մի տեսակ: Շատ փոքր քանակի տեսակներ՝ կարմրագլուխ սուզաբադ, կարմրակտուց բադ, կռնչան բադ, ջրցուլ, սղոցակտուց եւ այլ տեսակներ, նշմարվել են գետաբերաններում, որտեղ հոգում են իրենց կարիքները:Առավել անհանգստացնող է սեւ ջրահավերի վիճակը, որոնք հարյուրավորներով սատկել-մնացել են սառույցների վրա, բնադրավայրերում: Թափառող շների կամ շնագայլերի համար այնքան առատ կերի պաշար է առաջացել վայրի թռչունների սատկելու հետեւանքով, որ արդեն իրենց զոհերի վրա դժկամորեն են հարձակվում: Սեւանի թռչնաշխարհը, այս օրերին կուտակվելով գետաբերաններում, հեշտ թիրախ է դարձել նաեւ որսորդների համար»,-ներկայացրեց Արտակ Սարգսյանը:

Թռչունների խնամակալի կարծիքով՝ Սեւանի թռչնաշխարհի կենսապայմանների ապահովման առաջին նախապայմանը եղանակների տաքացումն ու սառցե կապանքներից լճի վաղաժամ ազատումն է: Մյուս նախապայմանը մարդկանց կողմից աղետալի վիճակում հայտնված թռչուններին ինչ-որ կերպ օգնելն է, այլ ոչ թե որսի նպատակով ոչնչացնելը:

Խոսրով Խլղաթյան

Source: Yerkir Media
Link: Սեւանա լճի սառցակալման հետեւանքով թռչունների մեծաքանակ անկումներ են գրանցվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image