Կյանքն անհամեմատ դանդաղում է, ժամացույցի սլաքները՝ շեշտակի արագանում այն ժամանակ, երբ շտապում ես՝ ուշանալով : Թվում է՝ ճանապարհը կրկնակի, քառակի երկարել է, մեքենաները շատացել են, վարորդները դարձել ավելի դանդաղկոտ, մարդիկ մի տեսակ ավելի շատ են բարձրանում ու իջնում երթուղայինից, թվում է՝ բոլորը քո դեմ են, աշխարհն է քո դեմ, բոլորը տեսնում են, զգում են, բայց անտարբեր են, աշխարհն է անտարբեր, անգամ ուժեղացել է երկրի ձգողականությունը, ինչ-որ մի ուժ քեզ ներքև է քաշում, հոգիդ ճնշվում է, նյարդերդ տեղի են տալիս, քեզ չես զգում. միայն գիտես, որ ուշանում ես:
Սա քո կորցրած 20-30 րոպեն է ընդամենը մեկ պահի մեջ: Ուշացել ես ինչ-որ մի հանդիպումից, դասից, աշխատանքից և ինչքան շոշափելի ես զգում ժամանակի հզորությունը, որն այնքան անողոք է, երբ ուշանում ես:
Առավել վտանգավոր է, երբ ուշանում ես կյանքիդ ժամանակից, ճանապարհիդ արագ շրջափուլերի մեջ ինչ-որ մի կետում՝ հանկարծ հասկանում ես, որ ուշացել ես: Հեռվից ականջներիդ է հասնում քո ժամանակի խուլ ծիծաղը, այն դառնում է տարիք, մշուշոտ դեմքեր, առարկաներ, երևույթներ՝ միշտ հետևելով ու ճնշելով քեզ: Հենց դրա համար էլ աշխարհում շատ են չգտնված, անտարբեր, տխուր, հուսահատ մարդիկ, ովքեր պարզապես ուշացել են իրենց ժամանակից:
Ժամանակն աշխույժ և դրական է, երբ քայլում ես նրա հետ համընթաց, նաև ոտքդ փոքր-ինչ առաջ դնելով և անտանելի, երբ քայլում ես նրա հետևից:
Source: Yerkir Media
Link: Երբ ուշանում ես