Wikileaks-ը հրապարակել է Հիլարի Քլինթոնի աշխատակազմի ղեկավար Ջոն Պոդեստայի նամակագրության հերթական մասը, որտեղ տեղ են գտել Հայոց ցեղասպանության մասին քննարկումները:
Ինչպես հայտնում են Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբից, նամակը գրվել է 2015-ի ապրիլի 19-ին և ուղղված է եղել Քլինթոնի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Ասլլիվանին:
Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Ուրբաթ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման օրն է: Ենթադրում եմ, որ հայկական խմբերը սպասում են որևէ հայտարարության կամ նշանի, որ նա (Քլինթոնը` խմբ.) կարտասանի «ցեղասպանություն» բառը, եթե ընտրվի որպես նախագահ: Որպես սենատոր և թեկնածու նա միանշանակ դիրքորոշում է ունեցել Ցեղասպանության ճանաչման հարցում: Որպես պետքարտուղար նա չի օգտագործել եզրույթը, սակայն կենտրոնացել է Թուրքիայի և Հայաստանի միջև հետագա հաշտեցման վրա:
Երկու հարց.
Համաձա՞յն եք, որ նա պետք է որդեգրի այն դիրքորոշումը, որն ուներ որպես սենատոր և թեկնածու, թեև դա չի արել որպես պետքարտուղար:
Համաձա՞յն եք բոլորդ, որ մենք պետք է պարզապես սպասենք, քանի դեռ մեզ հարց չի ուղղվել, և որևէ նախաձեռնող քայլ չանենք:
Ներեցե′ք ձեզ այս հարցով անհանգստացնելու համար, սակայն, ինչպես գիտեք, այս հարցը կարևոր է ամերիկահայերի համար»:
Source: Yerkir Media
Link: Wikileaks-ը հրապարակել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի նամակագրությունը Հայոց ցեղասպանության մասին