Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հարցերին պատասխանեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: Պարզվում է, նախարարությունում տեղյակ են, որ հասարակության մի հատված պահանջում է նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը:
«Մենք հետեւում ենք մամուլին»,- ասաց նա:
Ինչո՞ւ մասնակցեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԵՏՄ նիստին, որը Երեւանի փոխարեն տեղի ունեցավ Մոսկվայում: Արտաքին գործերի փոխնախարարը վստահեցրեց՝ այնտեղ ում պետք է, ինչ պետք է, ասել են:
«Ընդունել նեղացած կեցվածք, նշանակում էր տապալել նիստը։ Բավական է, որ մեկը չմասնակցեր, եւ նիստը տապալվեր: Մյուս տարբերակն այն էր, որ կարելի է օգտագործել այդ հարթակը՝ բոլորը նրանց հասցնելու կատարվողի անընդունելիությունը։ Արդյունքում՝ գիտեք, որ փորձ արվեց մեղմել իրավիճակը, իհարկե, դա չի կարող հավասարակշռել այն, ինչ-որ տեղի ունեցավ, բայց առաջիկա նիստը նախատեսվեց Երեւանում՝ մայիսին»,- ասաց փոխնախարարը:
Փոխնախարարն անդրադարձավ նաեւ հատկապես վերջին օրերին քննակվող ԼՂՀ հիմնահարցի կառգավորման Կազանի փաստաթղթին՝ այն ամբողջովին չմեկնաբանելով:
«Կազանի փաստաթուղթն, ըստ էության, նույն Մադրիդինն է՝ որոշակի փոփոխություններով։ Քանի որ փաստաթութղը հրապարակված չի, միայն կարող եմ ասել, որ ավելի շատ դրական փոփոխություններ կան, եթե համեմատենք մադրիդյանի հետ։ Բայց մի բան կարող եմ արձանագրել, այն, ինչ հրապարակայնորեն ասացին համանախագահները, նույն տարրերն են, նույն սկզբունքները»,- ասաց Քոչարյանը:
Փոխնախարարն անդրադարձավ նաեւ սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին ՀԱՊԿ-ի արձագանքին: Հայաստանը թեժ օրերին կառույցին չի դիմել՝ հույսը դնելով իր ուժերի վրա:
«ՀԱՊԿ-ի քարտուղարությունը ինչ որ չափով արձագանքել է Արցախյան քառօրյա պատերազմին, արձագանքել է նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան»:
Ինչ վերաբերում է ռազմական փոխօգնության պայմանագրին՝ այն դեռեւս մշակման փուլում է:
Source: Yerkir Media
Link: ԱԳՆ-ում տեղյակ են Նալբանդյանի հրաժարականի պահանջին