Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ տարբեր անվճարունակ քաղաքացիներ, խաբեությամբ պետությանը գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով, որպես կանոն, թանկարժեք մեքենաներ ունեցող և վճարունակ անձանց հետ, վերջիններիս հասցեագրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի վերաբերյալ կազմված վարչական ակտերն իրենց անվամբ վերահասցեագրելու նպատակով կեղծ դիմումներ են ներկայացրել ՀՀ ճանապարհային ոստիկանություն:
Վերահասցեագրումից հետո այդ որոշումներով նախատեսված գումարները չվճարելով` պետությանը պատճառել են խոշոր և առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում հիշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Հ. Ա.-ն և Թ. Հ.-ն:
Նշենք նաև, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ևս 6 անձանց, այդ թվում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Source: Yerkir Media
Link: Ակտերը վերահասցեագրելով անվճարունակ անձանց անունով՝ խուսափել են վճարելուց