Անձնագրում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ու անգլերեն ամրագրման կարգ կսահմանվի

June 22, 2017

ՀՀ կառավարությունը կսահմանի ՀՀ քաղաքացու անձնագրում և նույնականացման քարտում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը: Այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 23-ի նիստի օրակարգում:

Հիմնավորման համաձայն, իրավակիրառ պրակտիկայում հաճախ խնդիրներ են առաջանում նշված անձնական տվյալների տառադարձման (հայերենից անգլերեն և հակառակը), ինչպես նաև ազգանվան և անվան հայերեն և անգլերեն գրառման ժամանակ: Մասնավորապես, անհամապատասխանություններ են առաջ գալիս այն դեպքերում, երբ ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած օտարերկրյա քաղաքացիները կամ օտարերկրյա պետությունում ծնված ՀՀ քաղաքացիները անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար ԱՎՎ վարչություն են ներկայացնում օտարերկրյա պետության կողմից տրված անձնագրի (կամ պահանջվող այլ փաստաթղթի, ծննդյան վկայականի) օրենքով սահմանված կարգով վավերացված հայերեն թարգմանությունները և ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթուղթ տրամադրելիս ԱՎՎ կողմից համակարգ մուտքագրվում են անձի հայերեն լեզվով թարգմանված անձնական տվյալները, որոնք ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության կողմից հաստատված կանոններին համապատասխան ծրագրային եղանակով ենթարկվում են ավտոմատ տառադարձման: Սակայն տառադարձման արդյունքում հաճախ առաջանում են անհամապատասխանություններ, երբ անձին օտարերկրյա պետության կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում առկա անգլերեն կամ օտարալեզու այլ լատինատառ գրառումը չի համապատասխանում ավտոմատ տառադարձման հետևանքով ՀՀ կողմից տրամադրվող անձը հաստատող փաստաթղթում ամրագրված տվյալներին: Արդյունքում` նույն անձի մոտ առկա է լինում տարբեր անձնական տվյալներով անձը հաստատող երկու փաստաթուղթ: Ըստ ՀՀ ոստիկանության, նշված խնդրի օրենսդրությամբ չկանոնակարգված լինելու հանգամանքը հաճախ առաջ է բերում քաղաքացիների դժգոհությունը, քանի որ նրանք փաստաթղթում ուղղում կատարելու համար ստիպված են լինում կրկին դիմել անձնագրային ծառայություն, ինչն իր հերթին պահանջում է որոշակի ժամանակ, երբեմն նաև` լրացուցիչ վճարումների անհրաժեշտություն:

Վերը նշված հարցերին լուծում տալու, քաղաքացիների սպասարկման և մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, միատեսակ վարչարարություն կիրառելու և վարչական մարմնի հայեցողական լիազորությունների չարաշահման ռիսկերը նվազեցնելու նպատակով «Նույնականացման քարտերի մասին» և «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքներով նախատեսվել է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել ՀՀ քաղաքացու անձը հաստատող փաստաթղթերում անվան և ազգանվան անգլերեն, ինչպես նաև անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ամրագրման կարգը:

Source: Yerkir Media
Link: Անձնագրում անվան, ազգանվան և հայրանվան հայերեն ու անգլերեն ամրագրման կարգ կսահմանվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image