«Ապաշխարեցե′ք, որովհետեւ մոտեցել է երկնքի արքայությունը». այսօր Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնն է

Հունվարի 13-ին ավարտվեցին Սուրբ Ծննդյան տոները: Իսկ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը: Բազմաթիվ ուխտավորներ սրբի անունը կրող եկեղեցիներում մասնակցել են Պատարագի եւ խնդրել նրա բարեխոսությունը:

«Նա Տիրոջ առաջ մեծ կլինի, գինի եւ օղի չի խմի եւ մոր որովայնից սկսած սուրբ հոգով կլցվի եւ Իսրայելի որդիներից շատերին կդարձնի դեպի իրենց Տեր Աստվածը»,- հրեշտակն այս խոսքերով ավետեց Սուրբ Հովհաննեսի ծննունդը: Աստվածաշունչն ասում է, որ նա ապրում էր անապատում` ճգնավորի կյանքով, ուղտի մազից զգեստ ուներ եւ կաշվե գոտի՝ իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր` մորեխ ու վայրի մեղր: Սուրբ Հովհաննեսին էր վստահվել նախապատրաստել մարդկանց Քրիստոսի գալստյանը:

«Ապաշխարեցե′ք, որովհետեւ մոտեցել է երկնքի արքայությունը»,- քարոզում էր նա:

«Նա ճանապարհ հարթող էր ամբողջ մարդկության համար, որը մեղքերի մեջ տանջվում էր, չէր գիտակցում՝ ինչ է մեղքը, Հովհաննես Մկրտիչն ապաշխարության կոչեց, մեղքերից հեռանալուն, որ պատրաստվեն դիմավորելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին»,- ասաում է Տեր Տիրայր ավագ քահանա Սահրադյանը:

Մարիամ Աստվածածնից հետո Սուրբ Հովհաննեսը Հայ Առաքելական եկեղեցու երկրորդ ամենամեծ սուրբն է: Նա առավել հայտնի է որպես Հովհաննես Մկրտիչ, քանի որ արժանացավ Հորդանանում Քրիստոսին մկրտելու պատվին: Այսօր բազմաթիվ ուխտավորներ մասնակցել են սրբի անունը կրող եկեղեցիներում մատուցված պատարագին:

«Սուրբ Հովհաննեսը մեր առաջին բարեխոսն է՝ Մարիամ Աստվածածնից հետո, նրա բարեխոսությունն ենք խնդրում առ Աստված: Սուրբ Հովհաննես Մկրտիչը, ինչպես ասվում է գրքերում, լույս աշխարհ եկածներից ամենամեծն է»,- ասում է Ստելլա Հարությունյանը:

Հովհաննեսին ծնողներն անվանակոչել են ի պատիվ սրբի: Ասում է՝ Հովհաննես Մկրտչի բարեխոսությանը հաճախ է դնում, հատկապես՝ նրա հիշատակության տոնին:

«Փոքր ժամանակ, երբ եկեղեցու հետ կապ չունեի, ծնողներս ասել էին, որ էս օրը ես պարտադիր պիտի եկեղեցում լինեմ: Փառք Տիրոջը, հիմա այս ամենը գնահատում եմ, արժեւորում եմ իմ կյանքում»,- նշում է Հովհաննես Զաքարյանը:

Հովհաննես Մկրտիչը համաքրիստոնեական սուրբ է, բազմաթիվ եկեղեցիներ կրում են նրան անունը: Իսկ սրբի մասունքներն ամփոփված են Արցախում՝ Գանձասարի վանքում:


Source: Yerkir Media
Link: «Ապաշխարեցե′ք, որովհետեւ մոտեցել է երկնքի արքայությունը». այսօր Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնն է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image