Ավտոբուսի վթարի գործով քննություն է սկսվել՝ պարզելու պատահարի պատճառները

Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհին ՀՀ քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցած վթարի գործով այս պահին քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Վթարի մանրամասների հետ կապված ժամը 10.00-ի դրությամբ տեղեկություններ է հաղորդում ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

ՌԴ ԱԻՆ Գլխավոր վարչությունից ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը տրամադրված նախնական տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմաններում Վլադիկավկազ քաղաքի մոտակայքում՝ Վլադիկավկազ-Բեսլան շրջադարձային ճանապարհի 8-րդ կմ-ին, Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին, ինչի արդյունքում ավտոբուսում գտնվող 52 ուղևորից 5-ը զոհվել է:

Ներկայումս 27 ուղևոր գտնվում է ք.Վլադիկավկազի հանրապետական հիվանդանոցում, որոնցից չորսը՝ երեխա: Տուժած մանկահասակ երեխաներից մեկը տեղափոխվել է վերակենդանացման բաժին:

Այս պահի դրությամբ 13 քաղաքացի գտնվում է ք.Բեսլանի մշակութային կենտրոնի տարածքում ստեղծված ժամանակավոր կացության վայրում: Քաղաքացիներն ապահովված են սննդով և անհրաժեշտ պարագաներով:  Ավտոբուսի 5 ուղևոր այլ տրանսպորտային միջոցով շարունակել է ճանապարհը:

ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա  ԱԻ նախարարի և ՆԳ նախարարի տեղեկալի, քննչական վարչության պետի ղեկավարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ տեղում անհրաժեշտ աշխատանքների համակարգման նպատակով: Ներկայումս քննվում են ավտոճանապարհային պատահարի պատճառները: Դեպքի վայրում է նաև Դոնի-Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:

Այս պահի դրությամբ տուժած և զոհված ուղևորների ցուցակներն ու քաղաքացիությունը ճշտվում են:

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը և դեսպանությանը կից ՀՀ իրավապահ մարմինների լիազոր ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ՌԴ Հյուսիսային Օսիա-Ալանիա Հանրապետության համապատասխան մարմինների հետ՝ անհրաժեշտ աշխատանքների համակարգման և ստեղծված իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

Դեսպանությունից հայտնում են, որ հավելյալ տեղեկությունները կհայտնեն լրացուցիչ:


Source: Yerkir Media
Link: Ավտոբուսի վթարի գործով քննություն է սկսվել՝ պարզելու պատահարի պատճառները

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image