ՀՀ ԱԳ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է ՌԴ ԱԳ նախարարի խոսքը՝ «սեղանի վրա առկա» պայմանավորվածությունների վերաբերյալ։
«Լավրովի խոսքերը պետք է հստակ թարգմանել, ոչ թե վերցնել ադրբեջանական կայքերից։ Տեսագրությունն արդեն տեղադրված է ՌԴ ԱԳ կայքում, եւ պետք է դրանից թարգմանել, այլ ոչ թե տալ այն, ինչ տալիս են ադրբեջանական կայքերը։
Առաջարկները, որոնց մասին խոսում է Ռուսաստանի արտգործնախարարը, նրանք են, որոնք ներկայացվել են կողմերին 2011-ին Կազանում եւ Ադրբեջանը դրանից հրաժարվել է վերջին պահին։ Այդ առաջարկի մասին պարոն Լավրովը հստակ խոսում է նաեւ այս տարվա հունվարի իր ասուլիսում՝ ամփոփելով 2015-ի արդյունքները»,- ասաց Բալայանը։
«Երկիրն այսօրի» ճշտող հարցին, թե հայկական կողմը փորձե՞լ է ռուսականից ինչ-որ բան ճշտել, Բալայանը պատասխանեց.
«Ինչ փորձել ենք, չենք փորձել, արդեն հրապարակային թեմա չէ, ես ասում եմ այն, ինչ իրականությունն է»,- նշեց Բալայանը։
Լեռնային Ղարաբաղում կարգավորման գծով գործնականում բոլոր պայմանավորվածությունները գտնվում են «սեղանի վրա»: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` ապրիլի 7-ին Բաքվում Իրանի եւ Ադրբեջանի իր գործընկերներ Ջավադ Զարիֆի եւ Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ադյունքներով հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ «մոտ են այդ պայմանավորվածությունների նվաճմանը»: Լավրովը նաեւ նշել է, որ ՌԴ-ն կոչ է անում միջոցներ ձեռարկել, որպեսզի այլեւս բռնության դրսեւորում թույլ չտրվի ԼՂ-ում:
Source: Yerkir Media
Link: Բալայանը պարզաբանել է Լավրովի խոսքը՝ «սեղանի վրա առկա» պայմանավորվածությունների առնչությամբ