Գյումրիում պատարագից առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս

Այսօր Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում Հռոմի Պապի կողմից Սուրբ պատարագ մատուցելուց առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս: Այս մասին հայտնում  են Ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հայտարարության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով վերջինիս կողմից նախկինում դրսևորված խուլիգանական վարքագիծը և ոստիկանության ծառայողների նկատմամբ անհնազանդության բազմաթիվ դեպքերը, ոստիկանները նրանից պահանջել են գտնվել պատարագի վայրից ողջամիտ հեռավորության վրա:

Շ. Հարությունյանը հրաժարվել է կատարել ոստիկանության ծառայողների օրինական պահանջը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով՝ վերջինիս նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Վարչական վարույթին ապահովվել է օրինական ներկայացուցչի և փաստաբանի մասնակցությունը:

Նկատի ունենալով, որ Շահեն Հարությունյանը որպես պայմանական դատապարտված անչափահաս գտնվում է պատժի կատարման ստորաբաժանման վերահսկողության տակ, վարչական վարույթն իրականացնում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը»:

Ավելի վաղ «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էր, որ Շահեն Հարությունյանը Գյումրիում «պատրաստվում էր Պապ Ֆրանցիսկոսին ներկայացնել, որ առաջին քրիստոնյա երկրում` Հայաստանում, կա շուրջ 2 տասնյակ քաղբանտարկյալ»:

Նշենք, որ Շահեն Հարությունյանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին է:

Շանթ Հարությունյանը 2014-ին դատապարտվել էր վեց տարվա ազատազրկման ՀՀ ՔՕ 258 հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ (պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով):

Շահեն Հարությունյանը նույն հոդվածով դատապարտվել է 4 տարի պայմանական ազատազրկման:


Source: Yerkir Media
Link: Գյումրիում պատարագից առաջ ոստիկանները նկատել են Շահեն Հարությունյանին՝ վերնաշապիկի մեջ իր թաքցնելիս

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image