«Մեր հանդիպումներից ընդհանուր եզրակացությունն այն է, որ կողմերը մտադիր են, կամ առնվազն նրանք պատրաստակամություն են դրսեւորում պահպանել Մոսկվայում ձեռք բերված հրադադարը: Հիմնական խնդիրը կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելն է»,- Երեւանում հարվիրված ասուլիսում ասաց նա։
Կարեւորագույն հարցերից մեկն էլ, համանախագահների պնդմամբ, զոհվածների աճյունների վերադարձն է, որով զբաղվում է Կարմի խաչի միջազգային կոմիտեն, իսկ այդ հարցի կոորդինացիայով զբաղվում է դեսպան Կասպշիկի գրասենյակը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խորապես մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկություններով: Սա էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունն էր՝ ի պատասխան այն հարցի, թե ինչպե՞ս են համանախագահները վերաբերվում ադրբեջանական զինվորականների եւ վարձկանների կողմից խաղաղ բնակիչների սպանություններին եւ սպանված քաղաքացիական անձանց ու զինվորականների մարմինների խեղման դեպքերին:
«Տեսել ենք լուսանկարները, լսել ենք այդ մասին տեղեկությունները: Այս հարցը մայրաքաղաքներում եւս բարձրացրել ենք: Կցանկանայի կրկնել, որ խորապես մտահոգված ենք մարդու իրավունքների խախտումների ցանկացած դեպքի առնչությամբ»,- նշեց Ուորլիքը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպումներում համանախագահներն անդրադարձել են այս հարցին եւ խնդրել նրանց մանրամասն ուսումնասիրել արձանագրված դեպքերը:
Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ հանդիպումից համանախագահները քննարկումները կշարունակեն իրենց մայրաքաղաքներում, իսկ այնուհետև կհանդիպեն մեկ շաբաթից, դրանից հետո հնարավոր է, որ նորից այցելեն տարածաշրջան:
Source: Yerkir Media
Link: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կարմիր խաչին խնդրել են ուսումնասիրել խաղաղ բնակչության սպանության եւ մարմիների խեղման դեպքերը