Այս գործերով 2015 թվականին հրապարակված ՄԻԵԴ վճիռները վերաբերում են, համապատասխանաբար, Լեռնային Ղարաբաղի Բերձորի շրջանից ազգությամբ քուրդ Չիրագովների ընտանիքի եւ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից Սարգսյանների ընտանիքի իրենց տները վերադառնալու եւ ունեցվածքի նկատմամբ իրավունքները վերականգնելու կամ արդարացի փոխհատուցում ստանալուն:
Հատկանշական է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի նիստին մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Էմիլ Բաբայանը: Նա ներկայացրել է Արցախի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը Չիրագովի վճռի կատարման համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ: Փաստորեն, առաջին միջազգային կառույցի պաշտոնական նիստի ընթացքում Արցախի ներկայացուցիչը ներկայացրել է Արցախի հանրապետության դիրքորոշումը:
Իսկ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է գործի կատարման ճանապարհային քարտեզ, որում, զարմանալիորեն, հրաժարվել է իր փաստացի իրավազորության տակ գտնվող տարածքի նկատմամբ իշխանություն իրականացնելու հնարավորությունից: