Հունվարի 20-ին Երևանի Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:
Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 20-ին` ժամը 20:55-ին, ոստիկանություն են զանգել և հայտնել, որ Թումանյան 37 շենքի 8-րդ բնակարանում մարդ է մահացել:
Նրա տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1960 թվականին ծնված Արմեն Սուրմենելյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վնասվածքով :
«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:25-ին, վիճաբանության ժամանակ նշված հասցեում Հայկ Սուքիասյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին և պատճառել մահ»,- ասաց Ջանոյանը:
Հայկ Սուքիասյանը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավված է: Կատարվում է նախաքննություն:
Source: Yerkir Media
Link: Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի