Իրանի հայկական սրբավայրերն ու հուշարձանները՝ ողջ շքեղությամբ

September 23, 2016

Ի տարբերություն Հայաստան այցելող իրանցիների, հայ զբոսաշրջիկներն այնքան էլ հաճախ չեն ընտրում Իրանը՝ չնայած, որ այս երկրում հայկական բազմաթիվ սրբավայրեր ու հուշարձաններ կան: Դրանք անգնահատելի արժեք են ոչ միայն հայերիս համար: 2008 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են Սուրբ Թադեի եւ Սուրբ Ստեփանոսի վանքերը, Ծոր-ծորի սուրբ Աստվածածին եկեղեցին, նաեւ հարակից 7 այլ հուշարձաններ: Հաջորդ տարի հայտում ավելացվելու է Նոր Ջուղայի Սուրբ Ամենափրկիչ վանքը:

Ավանդույթը պատմում է, որ 13-րդ դարում 2 հովիվ եղբայրներ Արաքսի ափերին՝ դեմ-դիմաց, կառուցում են միանման մատուռներ: Այսօր կանգուն է միայն մեկը՝ Ատրպատականի տարածքում գտնվող սուրբ Անդրեորդու եկեղեցին՝ հայտնի Հովվի մատուռ անունով: Իրանի իշխանությունների աջակցությամբ վերանորոգվել եւ օծվել է 2015 թվականին: Իսկ Նախիջեւանում մնացած մատուռը ադրբեջանական կողմը վերջին տարիներին հիմնովին քանդել է: Եկեղեցին մեկն է Իրանի հայկական հուշարձաններից, որոնք 2008 թվականից ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Դրանց թվում նաեւ Տղմուտի եւ Արաքսի հատման կետում Դարաշամբ բնակավայրն է՝ սուրբ Աստվածածին եկեղեցով, գերեզմանոցով եւ այլ մատուռներով:

Պատմական այս հուշարձանների կողքով ենք անցնում Սուրբ Ստեփանոս Նախավկայի վանք հասնելու համար: 11-րդ դարում կառուցված սրբավայր մարդկանց հոսքը չի դադարում: Վանքն Իրանում ամենաշատ այցելուներ ունեցող հուշարձանների հնգյակում է. ոչ աշխատանքային օրերին մինչեւ 6 հազար զբոսաշրջիկ է գալիս օրական, Նովրուզի տոներին՝ 37 հազար: Այստեղ եւս պետության միջոցներով վերանորոգման եւ պահպաման աշխատանքներ են ընթանում:

«Մենք նախ ներկայացնում ենք մեր տարեկան ծրագիրը՝ քանի եկեղեցի ենք ուզում վերականգնել, նոր ծրագրեր մշակել, ըստ դրա սահմանում ենք մեր պետբյուջեն: Բացի այդ` մեզ օժանդակում են մասնագետների առումով, փորձում ենք կապեր հաստատել արտասահմանից, Եվրոպայից, Հայաստանից մասնագետների հետ»,- նշում է Իրանի պատմական եկեղեցիների կենտրոնի տնօրեն Շերլի Ավետյանը:

Վանքի տարածքը 8 հեկտար է: Շուտով կբացվի նաեւ Ատրպատականը ներկայացնող թանգարանը: Սուրբ Թադեի վանքը համաքրիստոնեական սրբատեղի է՝ կառուցված Քրիստոսի 12 առաքյալներից Թադեոսի մասունքների վրա: Վանքի կառուցման մասին պատմական ակնարկներ կան դեռ 4-րդ դարից, ավելի հստակ տեղեկություններ՝ 7-րդ դարից: 1247 թվականին Արզաս գավառում նոր թեմ է ստեղծվում, եւ Թադեի ավերակ վանքը սուրբ Էջմիածնի նմանությամբ վերաշինվում է՝ որպես նորաստեղծ թեմի կենտրոն:

1945 թվականին, երբ բնակչությունը գաղթեց եւ մի քանի տարի անց էլ մահացավ վանահայրը, Սուրբ Թադեի զորավոր սրբավայրը ստացավ «մենավոր» անվանումը: 1954 թվականին Ատրպատականի թեմական խորհուրդը կազմակերպեց առաջին ուխտագնացությունը: Ճանապարհ չկար, եւ ուխտավորների 20-25-հոգանոց խումբը շուրջ 15 ժամում բեռնատարներով հասավ վանք: Այսօր ճանապարհն անհամեմատ հեշտ ու կարճ է, բայց վանքը հիմնականում շարունակում է մնալ «մենավոր»:

Մանրամասները՝ տեսանյութում

 


Source: Yerkir Media
Link: Իրանի հայկական սրբավայրերն ու հուշարձանները՝ ողջ շքեղությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image