Լեւոն Տեր-Պետրոսյան. «Արցախի հարցը հնարավոր է լուծել միայն փոխզիջումներով»

Հայ ազգային կոնգրեսի համագումարը տեւեց մի քանի ժամ: 450 հոգանոց համագումարի մասնակիցները ելույթներ ունեցան ու ընտրեցին կուսակցության միակ առաջադրված նախագահի թեկնածուին:

ՀԱԿ նախագահը համագումարին միացավ երկրորդ կեսից: Խոսեց բավական երկար՝ ի մի բերեց իր ամբողջ պատմագիտական գիտելիքները՝ սկսելով Չինգիզ Խանի՝ մոնղոլական ցեղերը միավորելուց, միջնադարյան բանակներից ու հասավ ժամանակակից Իսրայել, բոլորը կապելով Հայաստանում արծարծվող ազգ-բանակ թեզին: Այդ ենթատեքստում խորհրդարան բերված «1000 դրամների» օրինագիծը խայտառակ համարեց եւ անցավ Ղարաբաղյան հակամարտության խնդրին: Վերաշարադրեց իր հրաժարականի պատճառ դարձած մոտեցումը։ Կրկին կրկնեց իր դիրքորոշումը, որ Արցախի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է եւ հնարավոր է լուծել միայն փոխզիջումներով: Ու կոչ արեց զորավիգ լինել երկրի նախագահին՝ կատարել այդ քայլը:

«Հայ Ազգային Կոնգրեսը, իր նախորդի` Հայոց Համազգային Շարժման պես, Հայաստանի միակ կուսակցությունն է, որը ոչ միայն երբեք չի թաքցրել, այլեւ բազմիցս հրապարակավ հայտարարել է փոխզիջման եւ խաղաղության կողմնակցի իր դավանանքը: Հետեւաբար, ոչ միայն սկզբունքի տեսակետից, այլեւ իրավիճակի թելադրանքով Կոնգրեսն առաջիկա խորհրդարանական ընտրություններին պետք է մասնակցի սպառազինությունների մրցավազքի դադարեցման, նոր պատերազմի վտանգի բացառման, Ղարաբաղի հարցի լուծման, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման կառուցողական ծրագրով»,-նշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Որպեսզի իր այս խոսքից ոք ոք չասի, թե Սերժ Սարգսյանի կամ հանրապետականի հետ են աշխատում՝ Լեւո-Տեր Պետրոսյանը հայտարարեց. ՀՀԿ-ի հետ երբեք քաղաքական դաշինքի մեջ չի մտնի:

«Մենք եղել ենք վերջինիս ամենախիստ, սկզբունքային ու հետեւողական քննադատն ու այսուհետեւ էլ չենք դադարելու այդպիսին լինել, կտրականապես բացառելով մաս կազմել հայ ժողովրդի գլխին անհամար աղետներ բերած Հանրապետական կուսակցության ձեւավորած որեւէ կոալիցիայի: Գաղափարական, քաղաքական եւ բարոյական սկզբունքներով մենք միմյանցից բոլորովին տարբեր, հակոտնյա կուսակցություններ ենք, որոնց հարաբերությունները իշխանություն-ընդդիմություն ձեւաչափից այն կողմ չեն կարող անցնել»:

ՀՀԿ-ի հետ համագործակցելու ինչ խոսակցություններ կշրջանառվեն՝ պարզ կլինի հետո, սակայն ՀԱԿ ղեկավարի մեկ այլ խոսք, հաստատ կշրջանառվի: Արցախյան պատերազմի ընթացքում երկիրը ղեկավարած Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ այդ տարիներին կռվել է ընդամենը 12 սփյուռքահայ, մինչդեռ նրա ելույթը դիտող ու պատերազմից ողջ վերադարձած սփյուռքահայ ազատամարտիկներն են 12-ից մի քանի տասնյակ անգամ ավելի: Նրանք իրենց պատասխանով գուցե առաջին նախագահի հիշողությունը թարմացնեն: Իսկ մինչ այդ, արդեն որոշվեց, թե ինչ նշանաբանով են գնալու խորհրդարանական ընտրությունների, ամեն դեպքում ՀԱԿ ղեկավարն առաջարկում է խաղաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն: Շուրջ մեկ ժամ տեւած ու իր բնորոշմամբ դառը ելույթը Լեւոն Տեր-Պետրոսյանն ավարտեց ֆուտբոլային վերջակետով։

«Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է»:

Համագումարի պատվիրակներն էլ նրան ճանապարհեցին արդեն ոչ թե իր, ինչպես ընդունված է, այլ Մխիթարյանի անունը վանկարկելով:


Source: Yerkir Media
Link: Լեւոն Տեր-Պետրոսյան. «Արցախի հարցը հնարավոր է լուծել միայն փոխզիջումներով»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image