Հաստատվել են ս.թ. հունիսի 24-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը՝ համապատասխան նկարագրությամբ: Կարգախոսն է՝ «Այց առաջին քրիստոնյա երկիր»: Տարբերանշանի նկարագրությունը. Տարբերանշանը շրջանաձև է: Տարբերանշանի հիմքում Խոր Վիրապի վանքի և բիբլիական Արարատ լեռան պատկերն է:
Ս. Գրիգոր Լուսավորիչը շուրջ 14 տարի եղել է բանտարկված Արտաշատի վիրապում, որի վրա և հետագայում կառուցվել է վանքը: Այնուհետ Սուրբ Գրիգորը դարձավ հայոց ազգի առաջին Հայրապետը, և Տրդատ Գ Մեծ թագավորի հետ համատեղ ջանքերով քրիստոնեությունը Հայաստանում հռչակվեց պետական կրոն: Տարբերանշանի գույներն են մանուշակագույնը և դեղինը, որոնք արտացոլում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթողիկե Եկեղեցու պաշտոնական գույները: Տարբերանշանում նաև ներառված են երկու եկեղեցիների զինանշանները: Շրջանակի երկայնքով գրությունն արտացոլում է բուն այցը՝ «Ֆրանցիսկոս Պապ. Հայաստան. 24-26 հունիս, 2016»:
Source: Yerkir Media
Link: Հաստատվել են Հռոմի Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցի կարգախոսը և տարբերանշանը