ՀՀ բնապահպանության նախարարությունում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել Հրազդան քաղաքի հարևանությամբ վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված խնդիրների քննարկում: Այս մասին -տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, որի հաղորդագրության մեջ նշված է.
«ՀՀ բնապահպանության նախարարությունում հոկտեմբերի 11-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ` ՀՀ արտակարգ իրավիճակների և ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից համատեղ իրականացվելիք «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» լայնածավալ ծրագրի շրջանակներում` Հրազդան քաղաքի հարևանությամբ վտանգավոր քիմիական թափոնների կառավարման և ժամանակավոր պահպանման ազգային կենտրոնի հիմնման հետ կապված խնդիրների քննարկում:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, Հրազդանի Օրհուսի կենտրոնի համակարգողները: Քննարկմանը հրավիրված էին հասարակական կազմակերպությունների նախաձեռնող խմբի անդամներ, ովքեր դիմել էին ՀՀ վարչապետին` պահանջելով շրջանառությունից հանել Կոտայքի մարզում վտանգավոր քիմիական թափոնների ազգային պահեստավորման և կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը:
Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հրավերին արձագանքելու համար` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ.Հակոբյանը կարևորել է վտանգավոր թափոնների պահեստարան կառուցելու անհրաժեշտությունը: «Ծրագիրն արդեն սկսել է իր աշխատանքները, սկսվել է մրցույթային փուլը, սակայն հանրության կողմից հնչեցվել են առարկություններ, ուստի այսօր կազմակերպել ենք այս հանդիպումը, որպեսզի համատեղ գտնենք լուծումները: Դժվար խնդրի առջև ենք կանգնած. 30 տարվա ժառանգությունը պետք է փորձենք վնասազերծել լավագույն տեխնոլոգիաների կիրառմամբ»,- նշել է Խ.Հակոբյանը:
Ծրագրի համառոտ ներկայացումով հանդես եկավ Ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, այնուհետև «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ նախագահ Ելենա Մանվելյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՀՀ փրկակար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ Հովհաննես Եմիշյանը: Ծրագրի ներկայացումից հետո ծավալվեց բուռն քննարկում: ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին քննարկումները նման ձևաչափով իրականացնելու համար:
Նախարարի տեղակալ Խ.Հակոբյանն առաջարկեց Ծրագրի յուրաքանչյուր փուլից առաջ կազմակերպել հանրային քննարկումներ` ներգրավելով հասարակական կազմակերպությունների մասնագիտական ներուժը, որպեսզի հստակեցվեն հետագա քայլերը` նպաստելով Ծրագրի արդյունավետության բարձրացմանը»:
Source: Yerkir Media
Link: ՀՀ բնապահպանության փոխնախարարը անդրադարձել է վտանգավոր քիմիական թափոնների կառավարման խնդրին