Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
«Որոշ շտկումներ են մտցվել նախագահի աշխատանքային գրաֆիկում, և մինչև ընթացիկ շաբաթվա վերջը միջազգային միջոցառումներին պետության ղեկավարի մասնակցություն չի պլանավորվում: ՀԱՊԿ-ի շրջանակներում Երևանում կայանալիք նիստերին կմասնակցի Ղազախստանի Հանրապետության վարչապետը»,-Ուկիբայի խոսքերն են մեջբերում միջազգային լրատվամիջոցները:
Մամուլի քարտուղարի խոսքով` ներկայում Նազարբաեւը բուժվում է:
Նազարբաևը պլանավորում էր պաշտոնական այցով ժամանել Հայաստան, ինչպես նաեւ մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի` հոկտեմբերի 14-ին նշանակված հերթական նստաշրջանին` պետությունների ղեկավարների մակարդակով: Այսօր նա պատրաստվում Էր պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան:
Ինչպես նշել է Ուկիբայը, «հետագայում նախագահի գործունեությունը կշարունակվի սովորական աշխատանքային գրաֆիկի համաձայն»:
Source: Yerkir Media
Link: Նազարբաեւը մրսածության պատճառով չի այցելի Հայաստան