Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղարի հետ
July 31, 2018
Երեւանում կայանալիք գագաթաժողովին ընդառաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հուլիսի 31-ին, հեռախոսազրույց է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Գլխավոր քարտուղար Միկայել Ժանի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր։ Ընդգծելով այդ հարաբերությունների առանձնահատուկ որակը՝ Ֆրանկոֆոնիայի Գլխավոր քարտուղարն ու ՀՀ վարչապետը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 11-12-ին Երեւանում կայանալիք պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները։
ՀՀ վարչապետը ՖՄԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է նաեւ սեպտեմբերի 10-13-ը վերջինի երեւանյան պաշտոնական այցի ծրագիրը, որի շրջանակում Միկայել Ժանը կմասնակցի ոչ կառավարական միջազգային կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին։